Զգուշանանք… նաև վրացական սնունդից

ՄԵԿՏԵՂՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ

Մինչև խելքի կգան, արդեն ուշ կլինի: Ժողովրդական այս ասացվածքն այսօր նաև մեր հարևան Վրաստանի է համար ասված:  Վիրահայերը, Հայաստանի տարբեր քաղաքական գործիչներ բազմիցս հորդորել են  Թբիլիսիին՝ այդպես ինքնամոռաց չնետվել   Թուրքիայի և Ադրբեջանի գիրկը՝ Հայաստանի պատմության դառը փորձից դասեր քաղելով: Բայց առայժմ  Վրաստանի ղեկավարությունն անտեսում է դա, կամ  էլ այնքան է կախվել թուրք-ադրբեջանական տանդեմից, որ հնար չունեն  սարդոստայնից դուրս գալ: 
Ինչևէ, չմիջամտելով հարևան երկրի ներքին գործերին, տեղեկացնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Ընդ որում, կստորագրվի հուշագիր՝  ռազմական համագործակցության ընդլայնման համար: 
 
Այս երեք երկրների  համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ նորություն չէ: Ավելին, անգամ տեղավորվում է աշխարհաքաղաքական  որոշակի համատեքստում: Նախ երեքն էլ  քիչ թե շատ խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ:  Վրաստանը  2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո տարածքներ կորցրեց: Ադրբեջանը  պարբերաբար դժգոհում է  արցախյան հարցում Ռուսաստանի «պրոհայկական» դիրքորոշումից: Կարծես Մոսկվայից գնած զենքով չեն խոցում Հայաստանի ու Արցախի սահմանները: Երևի ակնկալում է, որ ՌԴ-ն պետք է Արցախը փաթեթավորած իրեն մատուցի: 
 
Թուրքիան  էլ ոչ միայն արցախյան հակամարտության, այլև ռուս-թուրքական հարաբերությունների վրա հայկական շրջանակների  բացասական ազդեցությունից է  տրտնջում: 
 
Հիշենք 2015 թ. Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յրդըմի հայտարարությունը.
 
-Անկարան ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը Թուրքիայի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, բայց հայկական կողմին կոչ է անում չխանգարել ռուս-թուրքական հարաբերություններին:  Ցավոք շրջանակներ կան, որոնք հետաքրքրված չեն մեր հարաբերությունների զարգացմամբ: Օրինակ, Ռուսաստանում և դրսի որոշ հայկական շրջանակներ այլ տեսակետ ունեն: Նրանք չեն նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, կարող եմ ասել, որ նրանք բացասական ազդեցություն են թողնում այդ գործընթացի վրա:
 
Բացի այդ, վերոնշյալ երկրներից երկուսում՝ Վրաստանում և Թուրքիայում, ՆԱՏՕ-ի բազաներ են: Հետևաբար, համագործակցությունը չի հակասում Արևմուտքի քաղաքականությանն ու շահերին, թեև այս երեք երկրների կողմից առանձին ռազմական բլոկի հավանական ստեղծումը (իսկ դրա մասին որոշ կանխատեսումներ կան) հաստա՛տ  Արևմուտքի սրտով չի լինի:  
 
Մի հանգամանք ևս. Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներից հետո  ԵՄ-ի, Արևմուտքի տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ դռները փակ են  Անկարայի համար: Սրան եթե գումարենք ժողովրդավարության խայտառակ  ոտնահարումը Բաքվում,  Բաքվի իշխանության կոռումպացված լինելն ու դրա պատճառով միջազգային հարթակներում մերժվելը, հասկանալի է դառնում  ռազմական ոլորտում ուժերը մեկտեղելու ցանկությունը:  
 
Ո՞րն է մեր անելիքը: Անվտանգության մեր մարմինները բազմապատկված ուշադրությամբ պետք է հետևեն այս ամենին, փորձեն պարզել, թե ինչ վտանգներ կան  կամ կարող են լինել Հայաստանի համար: Եվ ուշադիր լինեն ոչ միայն ռազմական ոլորտի տեղաշարժերին, այլև, ինչո՞ւ չէ, Վրաստանից Հայաստան եկող սննդամթերքին, ապրանքներին: Ի վերջո, պատերազմը կամ դրա սպառնալիքը միայն զենքով, բացահայտ հարայ-հրոցով չի լինում: