Խնայել ու տնտեսել կրթության հաշվին

ՓՈՂԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԲԱԶՄԱՎՏԱԿ ԵՆ

Գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը շարունակում է բարեփոխումների ծրագիրը, որի  նպատակներից  մեկն է  ազատվել  տզրուկ  պետական կառույցներից: Եվ ահա ազատվելու գործընթացը  հասել է դպրոցներին, քոլեջներին, բուհերին, բուժհիմնարկներին: Այս գործընթացը, ի դեպ, համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում է նաև:
Անվիճելի է, որ պետբյուջեի միջոցները պետք է խնայողաբար, արդյունավետ  տնօրինել: Ժողովրդական  խոսքն ասում է՝ տասը չափիր, մեկը  կտրիր:  Բայց պետության դեպքում այդ կտրելը մի փոքր զգուշավոր պիտի լինի, քանի որ կտրելու պատճառով   տասնյակ քաղաքացիներ կհամալրեն երկրից կտրվողների թիվը: Իսկ  նրանք, ովքեր չեն կարողանա  հեռանալ, կհամալրեն ավելորդության ծանր զգացումով ապրող գործազուրկների շարքերը՝ մեծացնելով  հանրային դժգոհությունը: 
 
Կրթական օջախների օպտիմալացման պատճառը, ըստ կառավարության անդամների այն է, որ   համապատասխան կրթօջախների՝ դպրոցների, քոլեջների, բուհերի, ուսումնարանների վրա ներդրվող ծախսն անհամարժեք է  սովորողների քանակին ու որակին: Սակայն պատասխանատուները մոռանում են, որ հատկապես մարզերում, սովորողների թվի նվազման պատճառն արտագաղթն է: Ու պատճառը վերացնելու փոխարեն հետևանքն են  փորձում վերացնել:  Ավելին,  չի  բացառվում, որ այս ամենի արդյունքում  ավելի նվազի  սահմանամերձ գյուղերի բնակիչների թիվը: Բնական չէ՞, որ մարդիկ ձգտեն  բնակվել այն  համայնքներում, որտեղ ուսման, բուժօգնության գոնե տարրական պայմաններ կան և աշխատանք գտնելու հույս: 
 
Մտավախություն կա, որ օպիտամալացումից հետո կրթական մի շարք օջախներ, որպես պետական կարիքների համար ոչ պիտանի շինություններ՝ կվաճառվեն ու կդառնան ինչ-որ մարդկանց  սեփականությունը՝ ինչպես եղավ շատ մանկապարտեզների հետ: 
 
Բացի այդ՝  արտագաղթի պատճառներից մեկը նաև աշխատատեղերի բացակայությունն է ու գործազրկությունը: Երբ նոր էր ձևավորվել գործող կառավարությունը, հարց հնչեց, թե ինչպե՞ս պետք է ապրեն փակվող  ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների աշխատակիցները: Ի պատասխան՝   կառավարության ղեկավարը հավաստիացրեց, որ խնայված փողով  կարելի է, օրինակ, նոր գործարան հիմնել, և գործազուրկների թիվը կրճատել: Սակայն մինչ օրս կառավարությունը  հստակ ծրագիր չի ներկայացրել, թե ինչպես պետք է  լուծել պետական ապարատից դուրս մնացածների աշխատանքի խնդիրը: Հանուն  արդարության պետք է ասենլ, որ պետական ապարատից դուրս մնացած աշխատակիցներից ոչ բոլորն են բավարարում աշխատաշուկայի պահանջներին: Բայց նրանք ինչ-որ ձևով պե՞տք է գոյատևեն, պահեն  իրենց ընտանիքը: Վերջիվերջո,  աշխատանքը միայն աշխատավարձ ստանալ չէ, այլի երկրին, հող ու ջրին կապվելն է: Պատահական չեն ասում՝  տարածքը հայրենիք է դառնում  մարդկանցով: 
 
Մի դիտարկում ևս: Կառավարության առջև ծառացած մյուս խնդիրը   փողի նոր աղբյուրներ գտնելն է: Նոր վարկեր  չեն կարող վերցնել, քանի որ մեծանում է արտաքին  պարտքը: Նոր  ներդրողներ բերելն էլ ժամանակի հարց է: Հետևաբար, փորձում են  ներքին ռեսուրսներով խնդիրներ լուծել, որոնցից մեկը ստվերի դեմ պայքարն է: Այն, դատելով ՊԵԿ-ի վերջին հաղորդագրությունից, կարծես թե դրական դինամիկա է արձանագրել՝  վերջին 7 ամիսներին հարկային մուտքերի ավելացմամբ: Փողի աղբյուր գտնելու մյուս ձևը պետական միջոցները յուրացրածներից պետության հասցված վնասը վերադարձնելն է: Հուսանք՝ հերթը սրան էլ  կհասնի, և կառավարությունը ստիպված չի լինի ծայրահեղ մեթոդների դիմելու: