Հայկական պանրի հիմնական համտեսողն առայժմ ռուսներն են

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ` ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻՆ

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պանրի արտադրության ծավալները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը: Նրա խոսքով` 2016-ին պանրի արտադրության  արտադրության ծավալներն աճել են՝ 22,3 հազար տոննա: 
Վարչության պետի խոսքով`  Հայաստանում գործում է պանրի արտադրության  60 ձեռնարկություն: Հիմնական համարվող «Չանախ», «Լոռի» պանրատեսակների արտադրությամբ զբաղվում են գրեթե բոլոր գործող ձեռնարկությունները, իսկ առանձին տեսակների արտադրությամբ՝ միայն որոշ պանրագործարաններ։ 
 
- Վերջին տարիներին պանրի արտադրության ոլորտում կատարվել են բարեփոխումներ, ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ այսօր հանրապետությունում ավանդական պանրից բացի արտադրվում են այլ տեսակի պանիրներ,- ասաց պաշտոնյան: 
 
Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով էլ պանրագործության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ որակյալ  հումք` կաթ:
 
- Մենք  պետք է  ունենանք ֆերմաներ, որոնք արտադրեն շատ ծավալներով որակյալ կաթ,- ասաց  միության նախագահ: 
 
Արդյո՞ք մեծացել են հայկական պանրի արտահանման  ծավալները: Կարողացե՞լ ենք հայկական  պանիրը ըստ արժանվույն ներկայացնել  օտարներին: 
 
Պարզվում է` մեր միակ շուկան Ռուսաստանն է, ուր արտահանում ենք հայկական պանիր: Սակայն, թեև  քիչ քանակով, բայց, ըստ բանախոսի՝  որոշակի տեսականի կարելի է գնել նաև  Եվրոպայում, ամերիկյան Գլենդել քաղաքի մի քանի խանութներում:  Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը ԱՄՆ պանիր է արտահանում:
 
Պանրի արտահանման  հիմնական խնդիրները պանրագործների միության նախագահի խոսքով`  տեխնիկական են,  բայց  լուծելի: 
 
-Եղել են դեպքեր, երբ Լարսի անցակետում կանգեցրել են հայ գործարարներին, քանի որ կասկածել են, թե ոչ  հայկական արտադրության պանիր են ներմուծում Ռուսաստան: Ու  72 ժամ պահելու փոխարեն, տասն օր, անգամ մեկ ամիս ստիպել են, որ հայ գործարարները մնան Լարսի անցակետում: Սա անհարգալից վերաբերմունք է  ոչ միայն   գործարարի, այլև Հայաստանի հանդեպ,- մանրամասնեց ոլորտի մասնագետը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի հավաստիացմամբ` կաթնամթերքի և պանրի արտադրության ոլորտները կառավարության մշտական ուշադրությունում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի բարելավման և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ըստ նրա՝  աշխատանքներ են տարվում մշակել ոլորտի զարգացման առանձին գործողությունների ծրագրի և միջոցառումների ռազմավարություն,  որի իրականացումը կնպաստի ոլորտի կայուն զարգացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը: