Պայքար հիվանդությունների դե՞մ

ԹԵ՞ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարբեր երկրներում կենսաբանական փորձարաններ է հիմնել և դրանք ֆինանսավորում է: Հայաստանում նույնպես նման փորձարաններ կան: «Ռեգնումի» հայազգի թղթակից Հայկ Այվազյանը մի ընդարձակ հոդվածով վերլուծել է հայաստանյան փորձարանների ծախսերը և եկել եզրակացության, թե դրանք երկակի նշանակություն ունեն:

«Վերլուծություն Հայաստանում ԱՄՆ ՊՆ տեղեկատու փորձարանի առկայության նպատակի վերաբերյալ» հրապարակման մեջ նա նշում է, որ 2016թ. ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալությունը Հայաստանում երեք փորձարան է հիմնել. դրանք գտնվում են Երևանում, Գյումրիում, Իջևանում:

Այն հանգամանքը, որ այդ փորձարանները ոչ թե առողջապահության,  այլ պաշտպանության նախարարությունն է ֆինանսավորում, արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս, որ դրանք ոչ միայն որոշ ծանր հիվանդությունների՝ ՁԻԱՀ-ի,  թոքախտի, մալարիայի, հեպատիտների դեմ պայքարի նպատակով են հիմնվել, այլև` կենսաբանական զենք ստեղծելու:
Հոդվածագիրը համեմատում է նույն տեսակի այլ փորձարանների համար ծախսված գումերների չափերը և եզրակացնում, որ Հայաստանում անհամեմատ մեծ գումարներ են ներդրվել: Նա վկայակոչում է 2017թ. ապրիլի 26-ին  news.am պորտալին ԱՄՆ-ի դեսպանատան տված պատասխանը, որտեղ այդպես էլ չի  հերքվել, որ այդ փորձարանները երկակի նշանակություն ունեն: 

Ըստ վերլուծության՝ այդ փորձարանների համար առանձնացված ընդհանուր 18 մլն դոլարի զգալի մասի ծախսերը մնում են չբացահայտված, ինչից կարելի է եզրակացնել, որ օգտագործվել են թակարժեք սարքավորումներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով: Այս ծախսերը սոսկ քաղաքացիական նպատակներ իրագործելու համար չափազանց մեծ են. հետևապես ռազմական նպատակներ են հետապնդում:

Հոդվածի մանրամասնությունների մեջ չխորանալով՝ արդեն իսկ պարզ է, թե ինչ վտանգներ կարող են այստեղ թաքնված լինել: Իհարկե, գիտական միտքը հիմա այնտեղ է հասել, որ ֆանտաստիկ արդյունքների հասնելու համար միայն մեծ ներդրումներն են պակասում: Հայաստանյան այդ փորձարաններում ըստ էության այդպիսի ներդրումներ արվել են: Թե այդտեղ որքանով են օգտագործվել հայ գիտնականների փորձն ու ներուժը` դժվար է ասել:

Չմոռանանք, որ Երևանում գործում էր Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտը: Ճիշտ է՝ պատշաճ չափով չֆինանսավորվող հաստատությունն այս տարիներին շատ բան է կորցրել, սակայն մասնագիտական ներուժի զգալի մասը հաստատ պահած կլինի: Արդյոք, ամերիկացիները այստեղ նման փորձարաններ հիմնելիս սա հաշվի առե՞լ են: Իսկ եթե մեր մասնագետներն այնտեղ ներգրավված են, համոզվա՞ծ են, որ ի վնաս Հայաստանի ու մարդկության շահերի չեն գործում:

Իրեն աշխարհի տերը երևակայող ԱՄՆ-ից, հատկապես երբ նրա նախագահը Թրամփի նման անհատն է, ով թվում է՝ անում է, ինչ խելքին փչի, ամեն ինչ կարելի է սպասել: Հայկ Այվազյանը «Ռեգնումում» հարցը բարձրացրել է, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը: