Նոյի աշխարհափրկիչ տունը` Հայաստանում

ՀԻՄՆԱԴՐԱՄ` «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԱԶԳՈՎԻ»

Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար:
 

Տապանը կառուցվելու է Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում: Այն է` երկարությունը 300 կանգուն` 132 մետր, լայնությունը 50 կանգուն` 22 մետր, բարձրությունը 30 կանգուն` 13,2 մետր: Կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով:

Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը:

Ուստի պատմամշակութային, գիտակրթական այս համալիրն ունենալու է համամարդկային նշանակություն: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը: Գտնվելով Հայաստանում, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար:

Տապանում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժևորող տարբեր ցուցանմուշներ:

Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Միաժամանակ կապահովի պետական-պաշտոնական գործառույթ. կունենա կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաև պետական նշանակության հանդիսությունների սրահներ:

Ինչպես տեղեկացրել է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը` արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատ»-ի տնօրեն Մարտուն Հարությունյանը:

Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները: