Թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճ՝ 100-300 տոկոսով
Դատախազության տարեկան հաշվետվության վիճակագրական տվյալներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 կամ նույնիսկ 300 տոկոսը։
Մարզերում, ի տարբերություն Երևան քաղաքի, դեպքերը համեմատաբար քիչ են, ինչը պայմանավորված է առավելապես բնակչության թվակազմով և կենտրոնացվածությամբ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Երևան քաղաքի Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները, որտեղ, նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն ավելացել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի թիվը:
Մարզերում դեպքերի դինամիկ աճը պահպանվում է հատկապես Շիրակի և Արմավիրի մարզերում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թվի աճի համատեքստում մտահոգիչ է նշված հանցատեսակի՝ առավելապես իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշների նվազումը։
Նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 88.2%, 2023 թվականին՝ 20.5%, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 %-անոց արդյունք)։ Վայոց ձորի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 75% արդյունք, 2023 թվականին՝ 22,2%, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100%-անոց արդյունք։ Տավուշի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 100%-անոց արդյունք, 2023 թվականին՝ 50%։
Աղբյուր՝ ArmLur.am