Բաքվում՝ հայկական ապրանք

ՓԱՓՈՒԿ ԲԱ՞ՐՁ, ԹԵ՞ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԾՐԱԳԻՐ

 
Հայաստանում ադրբեջանական խնձորներ ներկրողների շրջանակն արդեն ուրվագծվում է.  ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող  մի քանի անհատ և ՊԵԿ-ի աշխատակիցներ: Մեր «լավով» տապակվող   Ադրբեջանը, բնականաբար, ուշի ուշով հետևում է այստեղ կատարվող  իրադարձություններին: Համոզված կարող ենք ասել, որ   քաջատեղյակ են նաև հայ հանրության բարձրացրած աղմուկին իրենց արտադրանքի առնչությամբ նաև հայ հանրության բարձրացրած աղմուկին: Ու ահա  ադրբեջանական լրատվամիջոցներից  մեկը վերջերս գրել է, թե հայկական ապրանքները՝ Եղվարդի մարզակոշիկներ, Արցախի թթի օղի`կեղծ մակնշումներով, ալկոհոլ, ծխախոտ, հագուստ վաճառվում է Բաքվում:
 
Ադրբեջանի սպառողների միության նախագահը ևս  հաստատեց լրատվամիջոցի տեղեկությունը, ապա հորդորեց չզարգացնել թշնամու տնտեսությունը: Արդյո՞ք հավաստի են այս խոսքերը. մեզ համար դա այնքան էլ էական չէ: Նկատենք միայն, որ եթե իրոք հայկական ապրանքները գրոհել են Բաքուն,  ինչո՞ւ է միայն մեկ լրատվամիջոց գրում այդ մասին: Հաշվի առնելով ազերիների հայաֆոբիան,  հայկական ապրանքների վաճառքի մասին կարծես  Ադրբեջանի հանրությունը չի բարձրաձայնում: Գուցե լռում են՝ վստահ լինելով, որ Հայաստանից նույնիսկ Ադրբեջան տարվող ապրանքները վտանգավոր, իսկ սննդամթերքը՝ թունավոր լինել չեն կարող:
 
Ադրբեջանի տեղեկատվության հավաստիության մասին մյուս  կասկածի հիմքն այն է, որ Բաքուն և Անկարան արգելել են հայկական ապրանքների մուտքը: Հետևաբար, մեր արտադրանքը ապօրինի ճանապարհով է մուք գործում այդ երկրներ. Հավանաբար՝ Վրաստանով: Ասել է թե՝ շահում են մի քանի ձեռներեցներ, ովքեր, փաստորեն, ստվերային «ժողովրդական դիվանագիտություն» են վարում իրենց զավակներին մեր սահմաններում սպանող խաշնարածների հետ...
 
 Եվ վերջապես,  եթե  Հայաստանի արտադրանքը  ողողում է Ադրբեջանը և արագ սպառվում,  նշանակում է՝ մեծ է դրա պահանջարկը: Մինչդեռ Հայաստանը հաստա՛տ Ադրբեջանի սննթամթերքի, բանջարեղենի կարիքը չունի, քանի որ մենք  գոնե այդ տեսանկյունից ինքնաբավ ենք: Անհրաժեշտության դեպքում էլ  այլ երկրներից ներկրելու մե˜ծ հնարավորություններ ունենք: 
 
Արդ, հայկական ապրանքների  մասին ազերիների խոսքերը կարելի է ուղղակի փափուկ բարձ համարել՝ մեր զգոնությունը թուլացնելու, իրենց սև գործն առաջ տանելու նպատակով: