«Նրան լսելով՝ ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին…»
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
(Ապրիլի 22-ին,ինչպես նշված է Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրում) տեղի ունեցավ Արամ Իլյիչի և Կարեն Սերոբովիչի հանդիպումը վերջինիս աշխատասենյակում: Նրանք հանդիպել էին նաև նախկինում, սակայն այս հանդիպումը առանձնանում էր և՛ տևողությամբ,և՛ բովանդակությամբ: Այդ մասին իր հուշերում մանրամասն գրել է այն ժամանակ Կարեն Սերոբովիչի օգնական Սամվել Դանիելյանը:

- Երկու քայլ առնելով՝ քարացած կանգ առա,- գրել է Դանիելյանը:- Իմ առջև բացված տեսարանը ցնցեց ինձ: Կարեն Դեմիրճյանը մեղմաձայն երգում էր, իսկ նրա դիմաց նստած Մեծ Խաչատրյանի աչքերում ես արցունքներ տեսա: Ոչինչ չասելով, սկսեցի լսել:« Գայանե» բալետի մեղեդին էր: Լռությամբ Դեմիրճյանի առջև դրեցի Մոսկվայից զանգող պաշտոնատար անձի ազգանվան նմուշով գրությունը և դուրս եկա սենյակից:
Մոտավորապես մեկ ժամ հետո առանձնասենյակից դուրս է եկել հուզված Արամ Իլյիչը, նստել Սամվել Դանիելյանի գրասեղանի մոտ և ասել.
- …Շնորհիվ Կարեն Սերոբիչի հետ իմ հանդիպումների, զրույցների, բարեկամական կապերի, քիչ է ասել, թե ես ինձ հայ եմ զգում, ավելին, ես հպարտանում եմ դրանով: Ինձ ընդունել են թագավորներ, պրեզիդենտներ, ես հանդիպել եմ աշխարհի շատ երկրների ղեկավարների հետ, ուր համերգներ եմ տվել, ինձ ողջունել է աշխարհը, բայց ես հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար՝ բազմակողմանի օժտված մարդ, որը խորապես ու նրբորեն հասկանում է երաժշտությունը: Նա զարմանալի լսողություն ունի: Գիտե՞ս, ես իմ ականջներին չէի հավատում.նա իմ խնդրանքով երգում էր ամբողջական հատվածներ իմ բալետներից: Նա համարյա անգիր գիտի իմ «Սպարտակ» և «Գայանե» բալետները, սիմֆոնիաները, դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված համերգները: Նա փայլուն գիտի եվրոպական և համաշխարհային դասական երաժշտությունը, անգիր գիտի բազմաթիվ ստեղծագործություններ: Դա անհավատալի է: Նրա հետ հետաքրքիր է զրուցել ցանկացած թեմայի շուրջ, քննարկել տարբեր հարցեր, հիմնախնդիրներ: Նա զարմանալի մարդ է: Նրան լսելով՝ ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին…:
Լուսանկարում՝
Արամ Խաչատրյանի հուղարկավորությունը, 1978 թ.: