ԱՄՆ-ի դեսպանի բացահայտումը

ԳԱԶԻՆ ՈՒ ՀՈՍԱՆՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱ՛

Նավթի ու գազի պահանջարկի և պաշարների  նվազման պատճառով աշխարհի մի շարք երկրներ, որպես այլընտրանք, օգտվում ու կիրառում են  վերականգնվող էներգիայի պաշարները:  Հայաստանը ևս ունի այդ հնարավորությունը: Որպես արևոտ երկիր՝ արևային էներգիայի  օգտագործումը մեծ հեռանկարներ ունի Հայաստանում: Սրա մասին տեղյակ  է նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ով այսօր կարելի է ասել, սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել: 
 
ԱՄՆ-Ը ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉՈՎ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՆՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
 
Ռիչարդ Միլսը հայտարարել է՝ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, և կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար: Հենց այդ պատճառով ԱՄՆ դեսպանատունը Երևանում նախաձեռնել է համաժողով և հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների՝ էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու համար: Միլսը նաև ասել է, որ ներդրումների հեռանկարն իրական դարձնելու համար Հայաստանի իշխանությունը պետք է հավասար մրցակցություն ապահովի ներդրողների համար, երաշխիքներ տա:
 
Համաձայնենք՝ 8 միլիարդ դոլարը տպավորիչ գումար է, հատկապես երբ հնչում է օտարի շուրթերից: Սա, իհարկե, գուցե  մեր իշխանությանը «թասիբի» գցելու համար է արվում: Դեսպանը, հավանաբար, ակնարկում է, որ  այսպիսի հնարավորություն միշտ չի ընձեռվի Միացյալ Նահանգների  կողմից:  
 
ԱՄՆ-ի ներկայացուցչի այս հայտարարությունը  նաև այլ տեսանկյունից կարելի է հասկանալ: Եթե մեր երկիրն 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար ունի, ինչո՞ւ է օրինակ, տարիներ շարունակ սպառել Ռուսաստանի տնտեսության առանցքը համարվող  գազը: Ինչո՞ւ այդպես էլ մեր իշխանությունը  զարկ չտվեց կանաչ էներգիայի օգտագործմանը:
 
Ո՞վ է պատասխանատու, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարը տարիներ ի վեր բարձի տակ քնեցրել են ու բնակչությանը ստիպել իրենց եկամտի 40 տոկոսը տրամադրել կոմունալ վճարներին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է   տա կառավարությունը: 
 
Մեկ ենթադրություն ևս, որը բխում է   ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունից: Իր մաշկի չզգալով գազի ու հոսանքի  թանկացումը՝ դեսպանը մտահոգ է հայաստանաբնակներին ցավեցնող խնդրով և փաստում է Հայաստանի ներուժը՝ այն էլ թվերով: Ինչպես կասեր վարչապետը՝ ԱՄՆ-ը թուղթ ու գրիչով առաջարկ է անում կառավարությանը:  
 
Սակայն  Ռուսաստանի նախագահ Պուտինը օրերս ստորագրել է Ռուսաստանի տնտեսական անվտանգության 2030 ռազմավարությունը:  Ըստ այդմ՝ այդ կանաչ տեխնոլոգիաներով էներգետիկայի զարգացումը, խնայող էներգետիկայի զարգացումը, էներգետիկ շուկաների պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը սպառնալիք են ՌԴ տնտեսական անվտանգությանը:  
 
Միգուցե  շան գլուխը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի այս վիճակը, այլընտրանքների բացակայությունը  հենց այստե՞ղ է թաքնված: Ամեն դեպքում ինչքան էլ դրսում  հայտնաբերենք մեղավորներին, միևնույն է՝ արտաքին ուժը առանց ներսի ձեռքի ոչինչ չի կարող անել: ՈՒրեմն պետք է բացահայտել այդ ձեռքն ու կտրել, կամ, ամենաքիչը՝ մի լավ ոլորել: