«Մազը երկար, խելքը կարճ»
ԱՅՍ ԱՍԱՑՎԱԾՔԸ ԵՐԵՎԻ ԵՐԿԱՐԱՄԱԶ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ Է ՀՈՐԻՆՎԵԼ
Ըստ երևույթին` գիտականորեն հաստատվել է, որ երեխաները մտավոր ընդունակությունները հիմնականում ժառանգում են մորից, և դրա «մեղավորը» X քրոմոսոմն է: Իհարկե, «հորն է քաշել», «մորն է քաշել» արտահայտություններն իրենց կշիռը սրանով չեն կորցնում, որովհետև համարվում է, որ երեխան ավելի շատ հատկանիշներ հորից է ժառանգում, քան մորից: Բայց ահա կանանց ընդամենը երեխա ունենալու և տնային գործերը կարգի բերելու համար իրենց ծառայելու կոչված համարող տղամարդիկ ստիպված են մտորումների գիրկն ընկնել: «Մազը երկար, խելքը կարճ» ասացվածքն էլ երևի ուղղակի երկարամազ տղամարդկանց մասին է հորինվել, հետագայում վերագրվել կանանց:
Եթե այս տեսությունը ճիշտ է, և մտավոր կարողություններն ավելի շատ X քրոմոսոմի միջոցով են փոխանցվում, կանայք պետք է որ տղամարդկանցից կրկնակի խելացի լինեն. չէ՞ որ նրանց գենում այս քրոմոսոմը կրկնակի է: Ահա և տղամարդկանց համար մտորելու նոր թեմա…
Անժխտելի է, որ մարդկության պատմության մեջ մտավոր կարողություններով աչքի ընկած տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք: Ու նաև անժխտելի է, որ դրա պատճառն ավելի շատ կնոջ դերի սահմանափակումն է եղել հազարամյակներ շարունակ, ինչն էլ միգուցե հանգեցրել է մեր օրերի ֆեմինիզմ կոչվող բացասական երևույթներին, երբ կանայք պարզապես փորձում են տղամարդկանց տեղը գրավել`առանց հաշվի առնելու բնությունից տրված տարբերությունները: Տարբերություններ, որտեղ մտավոր կարողությունն ավելի շատ անհատից է կախված, քան նրա սեռից:
Ամենացավալին այն է, որ շատ տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, նրանց համարում են «կապույտ գուլպա»` կանացիությունից զուրկ, և ամուսնանալիս ընտրում են գեղեցկուհի հիմարիկներին: Երևի որպեսզի իրենց խելքով նրա մոտ փայլելով` ապացուցեն, թե իրենք ավելի խելացի են: Իսկ դրանից ո՞վ է տուժում` այդ հիմարիկից ծնված երեխան: Քանի որ մտավոր կարողությունները կինն է փոխանցում, հիմարիկ կնոջից ծնված երեխան էլ մոր նման հիմարիկ է լինելու:
Գուցե նաև սա է պատճառը, որ շատ օժտված անհատներ միջակից էլ ցածր մտավոր կարողություններով երեխաներ են ունենում: Այնպես որ, գեղեցիկ ոտքերին ու սիրունիկ երեսին նայելուց առաջ փեսացուները երևի պետք է նախ հարսնացուի խելքը տնտղեն: Եթե, իհարկե, ցանկանում են նրանից ծնված խելացի տղաներ ունենալ և աղջիկներ, որոնք իրենց զավակներին մտավոր բարձր կարողություն կժառանգեն: