Հովհաննեսի ամեն տողից բարություն է ծորում

ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈւԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

Երանի նրանց, ում կորուստն անդառնալի է և ում մասին բոլոր հիշողությունները միայն բարի պահեր են արձանագրում։ Երանի նրանց, ում հիշատակն, իսկապես, օրհնությամբ է օծվում։ Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԻ հիշատակն օրհնությամբ է օծված, ու նրա ցանած՝ մարդկայնության սերմերը դեռ բարության դասեր են դառնալու կյանքը գեղեցկացնել, գեղեցիկը նկատել ցանկացող շատերի համար։
 
Հովհաննեսին ճանաչող ովևէ մեկը չի կարող արտաբերել «նա այլևս մեր կողքին չէ» բառերը․ մեր կողքին է Հովհաննեսը, որովհետև բոլորի հանդեպ նրա ուշադրությունից, ամենքին օգտակար լինելու նրա անկաշառ պատրաստակամությունից այնքա՜ն է ջերմացել մեր բաժին աշխարհը․․․
 
Հովհաննես Պապիկյանի մարդկային որոնելի տեսակի մասին իր բազմաթիվ սոցցանցային գրառումների շարքում Լալա ՍԻՄՈՆՅԱՆԸ ներկայացրել է նաև հենց իր՝ Հովհաննեսի այս գրառումը, որի խորիմաստ տողերից բարություն է ծորում։
 
Հովհաննես Պապիկյան...էջից
 
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ․ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Բա որ  ճնճղուկներն էլ իրենց համերգի տոմսե՞ր վաճառեն: 
 
Ես միշտ զարմանում եմ, երբ ոմանք իրենց այգու ծառերի վրա խրտվիլակներ են դնում` զգուշացում թռչուններին, թե մրգին մի մոտեցեք: Բա ախր էդ թռչուններն օրն ի բուն ձրի «համերգ» են տալիս, էդ ինչո՞ւ պիտի միրգ չուտեն: Ջաջուռեցի բանաստեղծ Աշոտ Ավդալյանը հորդորում էր.
 
«Վերջին  պտուղը թռչունին թողեք՝
                                  Թող հագենա»
 
 Իսկ որ ճնճղուկները վնասատու միջատներին են ծառերի վրայից վերացնում: Սա՝ հե՞չ: Չինացիները մի անգամ սխալվեցին և ճնճղուկներ որսացողներին անգամ խրախուսում էին: Խրոնիկայի մի ֆիլմում, հիշում եմ, ցուցադրում էին ավտոմեքենայի թափքը լիքը բարձած ճնճղուկներ, որ կրակելով սպանել էին ու սպանողներն էլ ուրախ-ուրախ երգում էին՝ գոհ և՛ իրենց դրամական խրախուսանքից, և՛ ցուցադրվող կադրերում իրենց երևալուց: Հետո չինացիները տեսան, որ միջատներն իրենց բրնձի պլանտացիաների հերն անիծում են, վերադարձան արդեն ճնճղուկների պահպանության սկզբունքին: 
 
Ես անգամ հատուկ ճնճղուկներին որպես կեր՝ իմ այգում արևածաղիկ եմ աճեցնում: Ի՜նչ տեսարան է նրանց ուտելը՝ արևածաղկի «գլխարկի» վրայից կռանում են, վերցնում արևածաղկի սերմը, «գլխարկի» վրա կճպում են, հանում  կեղևն ու  սերմը ուտում: Վերջում մնում են դատարկ սերմով արևածաղկի «գլխարկները», դրանց վրա էլ՝ սերմերի կեղևները: Սա էլ իր հերթին մեկ այլ գեղեցիկ պատկեր է: Ուտում են ու... շնորհակալ գնում այգու ցայտաղբյուրից ջուր ըմպում և անցնում իրենց «համերգին»: Ա՜յ համերգ՝ այգով մեկ տարածվում է նրանց հաճելի ճռվողյունը: Ախր, դրանց միայն ծլվլոցը, իրար կանչելը, իրար հետ զարմանալի երգեցիկ դիալոգը - խենթանալու բաներ են: 
 
Թռչունին ծառին միրգ ուտելիս տեսնեմ էլ, ձայն չեմ հանում, թե՝ հանկարծ չփախչի: Լսում եմ նրանց յուրօրինակ «համերգը», որ այգով մեկ  հնչում  է՝ խաղաղ տրամադրություն  բերելով: Բա այդ հաճույքից մարդ իրեն կզրկի՞: