Վարչապետի ակնարկը Տարոն Մարգարյանին

ԵՐԵՎԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր շնորհավորելով  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին,  ասել է.

- Բոլորս միասին կաշխատենք, որ Երևանը դառնա ավելի լավը:

Այլ երկրներում միգուցե  միասին աշխատելու մասին գործադիր մարմնի ղեկավարի այս հայտարարությանը դիտվեր որպես սովորական աշխատանքային խոստում: Մինչդեռ մեր իրականության  մեջ  վարչապետի այս խոսքերն ավելի շատ որպես ակնարկ են ընկալվում:

Բանն այն է, որ վարչապետը չի  կարող անտեղյակ լինել Երևանի ավագանու ընտրություններում կիրառված  վարչական, ֆինանսական ռեսուրսին, որի հաշվին Տարոն Մարգարյանը վերընտրվել է:  Գործադիր մարմնի ղեկավարն իր խոսքով ակնարկում է՝ ընտրության արդյունքներով չարժե ուրախանալ, քանի որ ծանր աշխատանքը դեռ առջևում է. քաղաքապետարանի գործունեությունը կառավարության մանրադիտակի տակ է լինելու: Կկարողանա՞ Տարոն Մարգարյանը վերափոխվել և վերափոխել քաղաքը՝ բարի, չի՞ կարողանա՝ ուրեմն հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Իսկ որ քաղաքապետարանի աշխատանքի իրական գնահատականը հեռու է քարոզարշավի ընթացքում յուրայինների շուրթերով հնչող գովեստներից՝ նույնիսկ գովաբանողները լավ գիտեն: Վկա՝ անցած ծանրաշունչ ձմռան ընթացքում սառցապատ փողոցներում, համարյա գոյություն չունեցող մայթերին գայթող երևանցիների անեծքախառն հիշոցները...

«Բոլորս միասին կաշխատենք» նախադասությունը նաև մեկ այլ երանգ է պարունակում: Մոտ 1 տարի աշխատելով Երևանի քաղաքապետ՝ Կարեն Կարապետյանը լավագույնս պատկերացնում է  կառույցի թույլ և ուժեղ կողմերը, Երևանի խնդիրներն ու առաջնահերթությունները: Իհարկե նաև՝ դրսից անտեսանելի մսխումների «որմնախորշերը» :

 Եթե մինչ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը Տարոն Մարգարյանը համարում էր, որ կարող է միանձնյա  լուծել ցանկացած հարց, գործադիր մարմնի ղեկավարն հակառակն է ակնարկում: Բավական է հիշել, որ մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում մարդու իրավունքները ոտնահարող  առաջին հնգյակում քաղաքապետարանն է: Ասել  թե՝  Տարոն Մարգարյանն իր թիմով միանձնյա չի կարող Երևանն  ավելի լավը դարձնել: