Մենք կանք, Արցախը պիտի ապրի
Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ եռալեզու ուղերձ է հղել նաև «Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը։

Անցնելով պատերազմների միջով՝ արցախահայությունը հաղթահարել է անասելի զրկանքներ, պայքարի դժնդակ փուլեր, շրջափակում ու սով, բայցև ստեղծարար աշխատանքի ու անասելի ջանքերի, Հայաստանի և Սփյուռքի աջակցության շնորհիվ կարողացել է կերտել ժողովրդավարական ձգտումներով պետություն:
33 տարի առաջ է Արցախն իր անվտանգային երաշխիքները սահմանել ահաբեկչության դեմ և մեկ անգամ չէ անցել ավերի միջով, երբ քանդվել են եկեղեցիները, թալանվել տները, պղծվել սրբությունները, բայց նորից վերհառնել է մոխիրներից: Սակայն Ադրբեջանի հերթական ագրեսիան, հայաստանյան իշխանությունների անադեկվատությունը և միջազգային հանրության անտարբերությունը իր բնօրրանում ապրող ժողովրդին հասցրել են անդառնալիության կետին: Ցավալի է փաստել, որ Քրիստոսի տարիքին արցախահայությունը հասել է հայրենազրկված, ոտնահարված իրավունքներով, թշնամու կողմից գերեվարված զինվորներով ու պատանդառված նախկին իշխանություններով: Արցախը, որ միշտ համազգային համախմբման խորհրդանիշ էր, այսօր դավադրաբար փորձ է արվում վերածել անցյալի մի հուշի:
Հազարամյակներով սեփական Հայրենիքում ապրելու արցախահայերի անօտարելի իրավունքը ոտնահարվել է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Խորհրդանշական այս օրը «Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է հայկական իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ-ին, միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին առ այն, որ, ի հեճուկս Ադրբեջանի ջանքերի, արցախյան հիմնախնդիրը շարունակում է մնալ օրակարգային, չլուծված, արդար գնահատականի կարոտ:
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր խոնարհումն է բերում Արցախի պետականության զոհասեղանին իրենց արյունն ու անունը դրած նահատակների սուրբ հիշատակին: Մենք կանք և ազդարարում ենք մեր աննկուն ոգու մասին: Որքան էլ մեր սիրտը վիրավոր, պայքարի ուղին էլ տատասկոտ է, բայցև այնպես, միտքն արթուն է, կամքն` անկասելի: Քանի դեռ մենք կանք և կան մեր քույրերն ու եղբայրները Հայաստանում ու Սփյուռքում, դու ապրելու ես, Արցախ: Քանի դեռ մենք պայքարում ենք, հույսի լույսը չի մարելու: Քանի դեռ հիշում ենք մենք՝ չի մոռանալու ոչ ոք: