Երախտապարտ եմ, տղաներ

Երբ մեր ընթերցողներից մեկը՝ Ջրվեժ բանավան թաղամասի 18 շենքի բնակչուհի Ժենյա Սարգսյանը խնդրեց թերթի միջոցով իր շնորհակալությունն ուղղել երկու երիտասարդների՝ Հովսեփին և Սուրենին, հիշեցինք արդեն մոռացվող այն ճշմարտությունը, որ գնահատանքի խոսքը միայն լավ բարի գործ կատարողին չէ, որ պետք է։ Ու եթե հակամարդկային, հակահասարակական արարքի համար ամենքն էլ արդարացիորեն պատիժ կամ պարսավանք են պահանջում, ապա անշահախնդրորեն անծանոթ մարդուն օգնելու պատրաստակամության համար էլ պետք է արժանին մատուցել։
 
Ահա, թե ինչ պատմեց տիկին Ժենյան․
 
- Հաց գնելու նպատակով երեկոյան խանութ մտնելով՝ նկատեցի, որ կորցրել եմ բանկային քարտս, որի վրա նախորդ օրը ստացած սեպտեմբեր ամսվա կենսաթոշակս էր։ Ամբողջ մեկ ամիս ապրուստի միջոցից զրկվելու վախով՝ դուրս եկա խանութից և եկածս ճանապարհին սկսեցի փնտրել քարտս՝ նաև հանդիպող բոլոր անցորդներին հարցնելով, թե արդյոք, չե՞ն տեսել այն։
 
Արդեն մթնել էր, ու հույսս մարում էր, երբ տեսա դիմացիցս եկող երկու տղաների։ Դրական պատասխանի հույս չունենալով՝ նրանց ևս հարցրեցի, թե իրենց ճանապարհին բանկային քարտ չե՞ն նկատել։ Հուսահատությունս մեկեն ուրախության փոխվեց, երբ նրանցից մեկն ասաց, մոտ մեկ ժամ առաջ իրենց աշխատավայրի մոտ մի քարտ են գտել ու, որպեսզի իրենք էլ չկորցնեն, թողել են հիմնարկում։
 
Ճշտեցի նրանց ով լինելը․ «Վայլդբերիզ Հայաստան» պահեստի Ջրվեժում տաղակայված գրասենյակի աշխատակիցներ են Հովսեփ Աթաջանյանը և Սուրեն Ղազարյանը, ովքեր աշխատանքից տուն էին վերադառնում։ Չնայած հոգնած էին և բավականաչափ հեռացել էին գրասենյակից, բայց չզլացան և պատրաստակամորեն ետ վերադարձան ու ինձ վերադարձրին կորցրածս։
 
Երախտագիտության բոլոր խոսքերի փոխարեն ուզում ասել նրանց՝ սիրելիներս, ձեր պարզ, մարդկային վերաբերմունքով դուք ոչ միայն ապրուստի միջոց կենսաթոշակս վերադարձրիք, այլև ամրապնդեցիք հավատս երիտասարդների հանդեպ։ Կարող էիք չնկատել գետնին ընկած քարտը, կարող էիք անտարբեր անցնել դրա կողքով, ի վերջո՝ կարող էիք յուրացնել քարտի պարունակությունը։ Բայց հիմա արդեն համոզված եմ, որ այդ ամենի մասին չեք էլ մտածել․․․
 
Շնորհակալ եմ, արդեն ինձ հարազատ դարձած տղաներ։ Աստված ձեզ պահապան։