Մոլորությունների զոհերը

Իհարկե՝ պլաստիկ վիրահատությունները երբեմն ուղղակի անհրաժեշտություն են, և դրանից հրաժարվելու մասին չէ խոսքը: Թմրամիջոցները նույնպես ցավազրկելու իրենց հատկությամբ մարդուն շատ անհրաժեշտ են: Խոսքը չարաշահումների մասին է:
 
Այս երկու մոլորություններն այսօր երևի աշխարհի դեմքն աղավաղող երևույթների «պատվավոր» տասնյակում կլինեին, եթե մեկը փորձեր այդպիսի վարկանիշ առանձնացնել: 
 
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում շուրջ 250 մլն մարդ թմրանյութ է օգտագործում, որոնցից 30 մլն-ը տառապում են թմրանյութերի նկտմամբ կախվածությունից և դրան ուղեկցող հիվանդություններից: Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով զբաղվող վարչության գործագիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը: Թմրամոլների 11,5 տոկոսը թմրանյութն ընդունում է ներարկման ճանապարհով, և դրա հետևանքով նրանց կեսից ավելին վարակված է հեպատիտ C -ով, 14 տոկոսը՝ ՄԻԱՎ-ով: 
 
Ոչ պակաս ցավալի վիճակագրություն է նաև թմրամոլությունից ամեն տարի մահացողների թիվը՝ 200 հազ.: Տարեկան այսքան մարդ կյանքից հեռանում է միայն այն պատճառով, որ  ժամանակին ընկել է անմիտ զվարճությունների հետևից, կամք չի դրսևորել, խելքը գործի չի դրել: Այսօր սեփական առողջությունը պահպանելու համար մարդիկ որքա˜ն գումարներ են ծախսում, ինչերի˜ միջով են անցնում, որպեսզի կարողանան կյանքը վայելել: Մինչդեռ թմրամոլները հսկայական գումարներ են ծախսում, հանցանքներ ու զանցառություններ գործում, որի միակ արդյունքը հիվանդություններով լի կյանքն է ու անփառունակ մահը: Նաև՝ շրջապատի ու հարազատների թունավորված կյանքը: 
 
Մարդու մոլորությունների մեկ այլ դրսևորում նույնպես դժվար է հասկանալ: Այսօր պլաստիկ վիրահատությունը կարող է մարդու արտաքինը հիմնովին փոխել, և ահա շատ կանայք սկսել են տառապել վիրահատամոլությամբ: Եթե փող ունեցող կնոջը թվում է, թե իր մարմնի որևէ մասը գեղեցիկ չէ, վիրահատության հնարավոր վտանգներն անտեսելով՝ դիմում է վիրաբույժին: Ասում են՝ նույնիսկ կանայք կան, ովքեր վիրահատությունների ամբողջ շարք են տանում, որպեսզի նմանվեն… որևէ հանրահայտ դեմքի: Ու քիչ չի պատահում, վիրահատվածները պարզապես մարդամեջ դուրս գալու հնարավորությունից են զրկվում: Բացի այդ էլ՝ սիլիկոններով լցոնված մարմինը բազմաթիվ շեղումներ է դրսևորում: Բնությունը գուցե այս կերպ է պատժում: 
 
Ահաև Շվեդիայի բնակչուհիներից մեկը՝ Փիքսի Ֆոքսը, 120 հազ. դոլար է ծախսել, որպեսզի բարալիկ մեջք ունենա: 40 սմ-անոց մեջք ունենալու համար վիրաբույժն անհրաժեշտ է համարել հեռացնել նրա… կողերից 6-ը: Ուրիշ վիրահատություններ էլ է տարել, մեկն էլ դեռևս առջևում է:
 
Հանուն արհեստական գեղեցկության այսքան տառապանքների դիմանալը և զրկանքներ կրելը որքանո՞վ է արդարացված: Եվ ո՞րն է այս կանանց նպատակը՝ հրապուրել տղամարդկա՞նց կամ ընկերուհիների նախա՞նձը շարժել: Ու ի՞նչ հույսեր են փայփայում՝ բարալիկ մեջքով ու հսկայական կրծքերով հրապուրված տղամարդը քանի՞ օր է իրենց կողքին լինելու…