«Արցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի»
Այսօրվա խոսքս ուղղում եմ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին: Այս մասին գրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Սրբազա’ն Հայր
Մեր բոլորիս աչքի առաջ, օգտվելով արցախահայության դժվար կացությունից և հասարակ մարդկանց որոշակի անտեղյակությւոնից, արցախահայության գլխին հերթական պատուհաս են առաջացնում։
Շուրջ հազար արցախցի երեխա պատրաստում են ուղարկել Հունգարիա` երկիր, որն արտահանձնել է քնած վիճակում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին»։
Մեդիա փորձագետի գրառմանն արձագանքել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․
- Այս հարցին չէի անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ երեխայի լավագույն շահի որոշման հարցում, այնուամենայնիվ ծնողի կարծիքը առաջնային է, բայց քանի որ Տիգրան Քոչարյանը այս հարցի հետ կապված ինձնից հրապարակային դիրքորոշում և գործողություն է ակնկալում, ապա կարտահայտեմ իմ կարծիքը հույսով, որ ծնողների որոշումների վրա որևէ կերպ այն կազդի։
Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։
Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։
Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։
Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։
Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։
Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում։