Անդրանիկ Քոչարյանի տապալված պլանը․ արդյո՞ք Փաշինյանը նրան կների
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Գեոպոլիտիկա» հարթակ
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մասին իմ կարծիքը բազմիցս արտահայտել եմ․ դեմ եմ այս իշխանության քայլերին, գտնում եմ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն և այլն և այլն, երկար ենք խոսել ու դեռ կխոսենք այս ամենի մասին, սակայն ի՞նչն եմ համարում սխալ ու անբարո։ Դու չես կարող գնալ, կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, հայտնվել նրա թիմում, շահել վստահություն ու հետո սկսես քանդել թիմը ներսից, փորել հենց Փաշինյանի տակ։ Սա այն է, ինչ արել է Անդրանիկ Քոչարյանը ու գրեթե համոզված եմ, որ Փաշինյանը նրան չի ներելու։
Անդրանիկ Քոչարյանի խարդավանքները ամենևին նոր չեն․ 2018-ից հետո նա ջանք չի խնայել, որպեսզի սեպ խրի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, ինչը, ի վերջո, նրան հաջողվեց։ Հետո նա անցավ գործադիրի մյուս անդամներին ու սկսեց իրեն ենթարկեցնել ուժայինները։ Այժմ նա սկսել էր օպերացիայի մյուս և վերջին փուլը՝ տիրապետության տակ վերցնել նաև նախարարությունները։ Քոչարյան Անդրանիկը լուծել է հետևյալ խնդիրը․ հեռացնել բոլոր այն մարդկանց, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացրել ու որոնց վրա ինքը ազդեցություն չի ունեցել։
Եթե Անդրանիկ Քոչարյանի մոտ հաջողվեր պլանը մինչև վերջ տանել, ՔՊ-ում մի գեղեցիկ առավոտ ստորագրահավաք էր սկսվելու Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու պահանջով։ Դուք, գուցե, հիմա չհավատաք սրան, բայց ես պնդում եմ, որ ամեն ինչ այդպես էր հաշվարկված․ Անդրանիկ Քոչարյանը ցանկություն է ունեցել վարչապետ դառնալ։ Իմ տեղեկություններով՝ այժմ ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Քոչարյանը գործել է ինքնուրույն, թե՞ գործել է արտաքին ուղղորդմամբ, և նաև տեղյակ եմ, որ որոշակի ծավալով ինֆորմացիա արդեն դրվել է Փաշինյանի սեղանին։
Եթե դեմ ես իշխանություններին, պետք է ուղիղ տեքստով խոսես դեմ, քննադատես, դա ավելի ազնիվ է, իսկ եթե հայտնվում ես իշխանական թիմում, ապա պետք է հավատարիմ լինես թիմին ու առաջնորդին։ Ես կարծում եմ, որ սա կարևոր սկզբունք է, որը պետք է պահել։ Դավաճաններին ու դավադիրներին երբեք չեն ներում ու չեն հարգում։