ՌԱՀՀԿ-ն նշում է իր հիմնադրման 30-ամյա հոբելյանը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ ԵՆՔ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) նշեց իր հիմնադրման 30 ամյակը՝ կենտրոնական գրասենյակում կազմակերպված ընդունելությամբ։
 
Ռազմավարական հետազոտությունների և վերլուծության Հայաստանի առաջին անկախ ինստիտուտի՝ ՌԱՀՀԿ-ի հիմնադրման տոնակատարությանը մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը, բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, ՌԱՀՀԿ ներկա և նախկին աշխատակիցներ, պատգամավորներ, մամուլի ու հանրության հետ կապերի պատասխանատու գործընկերներ:
 
- Որպես ռազմավարական մտքի և քաղաքականության վերլուծության յուրօրինակ դրոշակակիր՝ ՌԱՀՀԿ-ն հավատարիմ է մնացել բարեվարքության եւ անկախության իր սկզբունքներին ամենադժվար ժամանակներում և շարունակում է ձգտել ինստիտուցիոնալ քաղաքականության կերտման մշակույթին, այլ ոչ թե անհատապաշտության վրա հիմնված քաղաքականությանը մեր պայքարող երիտասարդ ազգի գործերում,- բացման խոսքում ասաց հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: