2050-ին երեխաների համար դժվարին ապագա է կանխատեսվում

ԾԱՅՐԱՀԵՂ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Երեխաների ապագան անորոշ է, եթե այս փոփոխվող աշխարհում
հրատապ քայլեր չձեռնարկվեն նրանց իրավունքների
պաշտպանության համար:
Սրա մասին նախազգուշացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝
Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակած իր հեղինակային զեկույցում:
 
«Երեխաների վիճակն աշխարհում 2024 թ. երեխաների ապագան փոփոխվող աշխարհում» զեկույցը կանխատեսում է, թե մինչև 2050 թվականը և դրանից հետո ինչ ազդեցություն կունենան երեխաների վրա երեք հիմնական համաշխարհային գերակա միտումները՝ ժողովրդագրական փոփոխությունները, կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը և տեխնոլոգիական առաջընթացը: Դրանք հիմնական նախանշաններն են այն մարտահրավերների և հնարավորությունների, որոնց երեխաները կարող են առերեսվել ապագայում:
 
- Երեխաների առջև ծառացած են անհամար ճգնաժամեր՝ կլիմայական ցնցումներից մինչև առցանց վտանգներ, և դրանք էլ ավելի կխորանան առաջիկա տարիներին,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: - Ըստ զեկույցում արված կանխատեսումների՝ համաշխարհային առաջնորդների այսօր կայացրած կամ չկայացրած որոշումները սահմանում են այն աշխարհը, որը կժառանգեն երեխաները: 2050 թվականին ավելի լավ ապագա կերտելը պահանջում է ոչ միայն երևակայություն, այլև գործողություններ: Տասնամյակների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, հատկապես աղջիկների համար, վտանգված է։
 
Կլիմայական ճգնաժամն անխուսափելի է դարձել՝ հաշվի առնելով, որ 2023 թվականը եղել է երբևէ գրանցված ամենաշոգ տարին: Զեկույցի համաձայն՝ 2050-2059 թվականների ընթացքում կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը, ակնկալվում է, որ ավելի լայն տարածում կունենան. երեխաների թիվը, որոնք կենթարկվեն ծայրահեղ շոգերի ազդեցությանը, 2000-ականների համեմատ, կաճի ութ անգամ, գետերի ափամերձ տարածքների հեղեղումների և անտառային խոշոր հրդեհների ազդեցությանը ենթարկված երեխաների թիվը՝ համապատասխանաբար երեք անգամ և գրեթե երկուսուկես անգամ:
 
Թե ինչպես կլիմայական այս վտանգները կազդեն երեխաների վրա, կախված կլինի նրանց տարիքից, առողջական վիճակից, սոցիալ-տնտեսական իրավիճակից և ռեսուրսներին հասանելիությունից: Օրինակ՝ կլիմայական վտանգներից պաշտպանող ապաստարաններին, հովացման ենթակառուցվածքներին, առողջապահության ու կրթության համակարգերին և մաքուր ջրին հասանելիություն ունեցող երեխաներն ավելի մեծ հնարավորություն կունենան դիմակայելու կլիմայական ցնցումներին, քան նրանք, որոնք դրանց հասանելիություն չունեն: Զեկույցն ընդգծում է նպատակային բնապահպանական միջոցառումների խիստ անհրաժեշտությունը՝ բոլոր երեխաներին պաշտպանելու և նրանց առջև ծառացած վտանգները նվազեցնելու համար:
 
Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ առաջատար տեխնոլոգիաները, ինչպիսին է արհեստական բանականությունը (ԱԲ), թե՛ հեռանկարային և թե՛վտանգավոր են երեխաների համար, որոնք արդեն օգտագործում են ԱԲ ներդրմամբ հավելվածները խաղալիքների, վիրտուալ օգնականների, խաղերի և ուսումնական ծրագրերի մեջ: Սակայն թվային անջրպետը դեռևս զգալի է: 2024 թվականին համացանցը հասանելի է բարձր եկամուտ ունեցող երկրների բնակչության ավելի քան 95 տոկոսին, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ գրեթե 26 տոկոսին:
 
Զեկույցում նշվում է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների երիտասարդների մեծ մասը զրկված է թվային հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից, ինչը կազդի ուսումնառության մեջ և ապագա աշխատավայրերում թվային գործիքներն արդյունավետ և պատասխանատու կերպով օգտագործելու նրանց կարողության վրա: Այս խոչընդոտները հաճախ կապված են սոցիալ-տնտեսական իրավիճակի, սեռի, լեզվական հմտությունների և մատչելիության հետ:
 
Զեկույցը պարունակում է նաև լավ նորություններ։ Կանխատեսվում է, որ կյանքի տևողությունը կավելանա: Ենթադրվում է, որ երեխաների կրթության հասանելիության վերաբերյալ վերջին 100 տարվա ընթացքում գրանցված առաջնթացը կշարունակվի. 2050-ականներին աշխարհում երեխաների գրեթե 96 տոկոսը, ակնկալվում է, որ կստանա առնվազն տարրական կրթություն՝ ի տարբերություն 2000-ականների 80 տոկոսի: Նմանապես, նշվում է, որ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում ներդրումների ավելացման և շրջակա միջավայրի առավել լավ և հետևողական պաշտպանության շնորհիվ երեխաների ցուցանիշերը զգալիորեն կբարելավվեն: Օրինակ՝ կրթական մակարդակում սեռով պայմանավորված անհավասարությունը կնվազի, իսկ բնապահպանական վտանգների ազդեցությունը կկրճատվի:
 
«Երեխաների վիճակն աշխարհում 2024 թ.» զեկույցն ընդգծում է երեխաների իրավունքներին առաջնային կարևորություն տալու անհրաժեշտությունը, ինչպես դա արձանագրված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում, բոլոր ռազմավարություններում, քաղաքականություններում և գործողություններում: Այն կոչ է անում լուծելու երեք գերակա ուղղությունների առաջադրած խնդիրներն ու օգտագործել դրանց հնարավորությունները հետևյալ կերպ.
 
Ներդրումներ կատարել հօգուտ կրթության, ծառայությունների և երեխաների համար կայուն ու դիմակայուն քաղաքների զարգացման:
 
Զարգացնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը ենթակառուցվածքներում, տեխնոլոգիաներում, հիմնական ծառայություններում և սոցիալական աջակցության համակարգերում:
 
Կապ ապահովել բոլոր երեխաների համար և մշակել անվտանգ տեխնոլոգիաներ:
 
- Երեխաների համաշխարհային օրը առաջնորդների համար հնարավորություն է՝ ցույց տալու իրենց նվիրվածությունը յուրաքանչյուր երեխայի իրավունքներին և բարեկեցությանը,- ավելացրել է Ռասըլը: - Մենք կարող ենք ավելի լավ ապագա կերտել հաջորդ սերունդների համար, և մենք պետք է սկսենք հենց այսօր: