Ի՞նչ հրամցվում հանրությանը հեռուստաէկրանից

Ինչ կինոարտադրանք է հրամցվում հանրությանը։ Կարևորագույն այս խնդիրը կարծես անտեսված էր մեզանում, մինչդեռ հայաստանյան
հեռուստաէկրաններից հաճախ վտանգավորքարոզ է տարվում հենց տարատեսակ ուտարանուն ֆիլմերով։
 
Գերազանցապես դաժանություն և գռեհկություն, բիրտ ուժի հաղթանակ քարոզող այդ ֆիլմերը դեռահասներին կրթելու փոխարեն դրանց մի մասն, ասես, հասարակությանը քաղաքակրթության նորմերից շեղելու միտվածություն ունեն։ Հայոց լեզվի աղավաղման առումով ևս առանձնանում են հեռուստասերիալները, ինչը, չգիտես ինչու՝ անտարբերության է մատնվում պատկան ատյանների կողմից։ 
 
Սակայն, թեև ոչ մեր լեզվի դեմ մեղանչումների պատճառով, բայց բարեբախտաբար, դրանցից մեկը վերջապես ուշադրության արժանացավ պետական մակարդակով։ 
 
Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը» սերիալում անչափահասների կողմից փողոցային բառապաշարի օգտագործումը և քրեական ենթամշակույթին բնորոշ պահվածքը, ծեծկռտուքն ու դանակով հարց լուծելու տեսարանները  քննադատության ալիք են բարձրացրել համացանցում։ Factor TV-ն դեռ նախ կապ էր հաստատել Գոռ Վարդանյանի հետ, որը, սակայն հրաժարվել էր պատասխանել լրատվամիջոցի հարցերին։
 
Օրեր անց պարզ էր դարձել, որ ֆիլմաշարի առնչությամբ ահազանգեր  էր ստացել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել էր ներկայացնել ֆիլմի վերլուծություն ու եզրակացություն: Եվ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևյալ բովանդակությամբ հայտարարություն էր տարածել․ 
 
- Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ 
 
Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից: 
 
ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը:  
 
Հավելենք, որ համաձայն «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության՝ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը»: 
 
Ավելին, նախարարությունը նաև դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ: 
 
Իսկ այսօր արդեն Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ սահմանված կարգով ընթացք տրվել այդ դիմումին։