Ինքնահարգ պետություն ենք դառնում

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎՍ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ

 
 
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն  ղեկավար, «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահԱլեքսանդր Ամարյանը  պատկան մարմիններին զգուշացրել է աղանդավորական կառույցների հեռահար և վտանգավոր քայլերի մասին: Դրանցից մեկը նրանց կողմից  Հայաստանի հողերի ձեռքբերումն է: Ըստ նրա՝ Հայաստանը տարիներ անց կկանգնի անուղղելի փաստի՝ պետական սեփականության կորստի առաջ: Ու ահա Կառավարությունը օրինագիծ է հաստատել, որով անվտանգության նկատառումներով օտարերկացիներին ու օտարերկյա քաղաքացիներին կարգելվի օգտվել հողի սեփականության իրավունքից: Բայց նրանք կկարողանան լինել հողօգտագործողներ:
 
Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք ունեցող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կամ հրաժարվել կամ կորցրել են Հայաստանի քաղաքացիությունը: Սա  խնդիր է ստեղծել ՀՀ կառավարության համար: Գործադիրն առաջարկում է, որ սեփականության իրավունքով գյուղնշանակության հողեր ունեցողները ՀՀ քաղաքացիությունը կորցնելուց հետո 1 տարվա ընթացքում օտարեն իրենց սեփական հողը: Իսկ եթե սեփականատերը նշված ժամկետում հողը չի օտարի, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացվելիք դատավճռով այն կվաճառվի կամ կդառնա պետական սեփականություն, իսկ նախկին սեփականատիրոջը կհատուցվի հողի արժեքը:
 
Հետաքրքիրն այն է, որ ՄԻՊ-ն այս առաջարկին տվել է բացասական եզրակացություն՝ նշելով, թե նման օրենքը հակասում է մարդու սեփականության իրավունքին: Կառավարությունը հաշվի չի առել ՄԻՊ-ի բացասական գնահատականը, և կարծում ենք՝ ճիշտ է վարվել:
 
Տարրական տրամաբանությամբ՝ եթե երկրում գործում է այդպիսի օրենք, ուրեմն թե՛ օտարները, թե՛ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն հող ձեռքբերելուց առաջ լավ մտածել: Հողը երկրի՛ սեփականությունն է, որը պիտի տնօրինի ՀՀ այդ երկրի քաղաքացին, իսկ օտարերկրացին այն կարող է պարզապես օգտագորել՝ առանց սեփականության իրավունքի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացին ցանկանում է հայրենիքում պահպանել իր հողակտորը՝ վերադառնալու ակնկալիքով, ուրեմն չպետք է հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից: 
 
Ի դեպ, այս նախագիծն ունի մեկ նպատակ ևս. թույլ չտալ աննպատակ ու անժամկետ «քնեցնել» ՀՀ հողային տարածքները: Կարծում ենք՝ սա նաև բազմաթիվ շինությունների պետք է վերաբերի, որոնք տարիներով ինչ-ինչ պատճառներով չեն շահագործվում, հետո քայքայվում են, իսկ տերերը չեն էլ մտածում դրանք նորոգելու և նպատակային օգտագործելու մասին:
 
Իր ունեցվածքը գնահատող ինքնահարգ պետություն ենք դառնում: