Ինչո՞ւ Իսրայելը չի վստահում բժշկական համալսարանին

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆՁՆԵՆ

 
Իսրայելին սկսել են չբավարարել Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտները: Օրեր առաջ այդ մասին հայտարարություն էր տարածել այդ երկրի առողջապահության նախարարությունը.
- Կապված այսօր ստեղծված իրավիճակի հետ՝ խորհուրդ չի տրվում բժշկական մասնագիտություն ձեռք բերել Հայաստանի բուհերում: Ուսուցումն այդ հաստատություններում իրականացվում է ուսանողի սեփական հայեցողությամբ, որի համար պատասխանատվությունը ընկնում է հենց նրա վրա:
Իսրայելի նախարարությունը նաև ասել է, որ Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների համար հավելյալ քննություններ  պետք է անցկացնեն՝ նրանց գիտելիքների ու որակավորման լիցենզիա տրամադրելու համար:
 
Առաջին հայացքից թվում է, թե արտառոց ոչինչ չկա: Բազմաթիվ երկրներ կան, որտեղ նույնիսկ մի նահանգի համալսարանի շրջանավարտները պետք է քննություն հանձնեն՝ մեկ այլ նահանգում մասնագիտությամբ աշխատելու համար:
 
Բայց, գրողը տանի, ինչո՞ւ  է հիմա Իսրայելն այդ մասին խոսում: Ինչո՞ւ նախկինում այդ երկրի առողջապանության նախարարությանը չէր անհագստացնում հայ և Հայաստանում ուսանած բժիշկների մասնագիտական որակը: Բավական չէ, որ Իսրայելը խոսում է հավելյալ քննությունների մասին, նաև սևացնող հակագովազդ է տարածում՝ ի լուր աշխարհի կոչ անելով հրաժարվել Հայաստանի բժշկական համալսարանում սովորելուց: Սա այն դեպքում, երբ նորանշանակ ռեկտոր Արմեն Մուրադյանը համալսարանի բարեփոխման ծրագրեր է իրականացնում: Չմոռանանք, որ հայ բժիշկները վերջերս տարածաշրջանում բավական բարդ վիրահատություն էին կատարել, և ընդհանրապես, լավ համարում ունեն աշխարհում: 
 
Ի դեպ, Իսրայելի այս հայտարարությունը վրդովեցրել էր բժշկական համալսարանում սովորողներին ու նաև ռեկտոր Արմեն Մուրադյանին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս գործելաոճը վտանգում է համալսարանի հետագա գործունեությունը: Իսկ իսրայելցի ուսանողներից մեկը, վստահ այստեղ ստացած գիտելիքներին՝ ասել է, որ ինքը կհանձնի քննություններն իր երկրում: