Ո՞ւմ առաջ է դռները բացել Մայր Աթոռը

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԲԵՐԴՆ Է ՀԱՎԱՏՔԻՆ»

 
Հայ Առաքելական Եկեղեցին որոշել է  խորհրդատվություն ստանալ «Մըք Քենզի» ընկերությունից: Այս մասին արձանագրված է Գերագույն հոգևոր խորհրդի վերջին մի քանի հաղորդագրություններում: Լավատեղյակները մանրամասներ են ներկայացրել «Մըք Քենզի» ընկերության մասին: Ըստ ամերիկացի լրագրող Դաֆֆ ՄաքԴոնալդսի «The Firm: McKinsey ընկերության և ամերիկյան բիզնեսի վրա նրա գաղտնի ազդեցության պատմությունը» գրքի՝ այդ ընկերությունն ամենաթանկ և ամենաարդյունավետ խորհրդատվական ընկերությունն է: Այն  խորհրդատվություն տրամադրում է հաճախորդի մասին ամբողջական տեղեկատվությունը ստանալու և ողջ խոհանոցին տիրապետելու պայմանով:
 
 Ամերիկացի լրագրողի հավաստմամբ՝ եթե McKinsey & Company խորհրդատվական ընկերությունը մուտք է գործում որևէ տեղ, ապա որպես խորհրդատու և կառավարման փաստացի մասնակից այդտեղ մնում է ընդմիշտ: Ի դեպ, և՛ ամերիկյան, և՛ ռուսական կայքերում կան մի շարք հրապարակումներ, որ McKinsey & Company ընկերությունը սերտ կապեր ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև՝ որոշ դեպքերում վաճառում է հաճախորդների ներքին տեղեկատվությունը: 
 
Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն, Վեհափառի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանն անարձագանք չի թողել  քննադատությունները: Նա տեղեկացրել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու կառավարումը չի տրվել ամերիկյան «Մըք Քենզի» ընկերությանը.
 
- Իրականում, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի ժամանակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին խորհրդատվություն է ապահովելու նշանավոր «Մըք Քենզի» ընկերությունը: Այս մասին արձանագրված է Գերագույն հոգևոր խորհրդի վերջին մի քանի հաղորդագրություններում: Հայ Եկեղեցու բուն կառավարման հետ սա բնավ առնչություն չունի, ընկերության կողմից հետազոտման փուլում խորհրդատվություն է մատակարարվելու, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմակերպել Եկեղեցու կառավարումը:
 
Հետաքրքիրն այն է, որ  Հայ Եկեղեցու  տնտեսության մասշտաբները շատ փոքր են McKinsey-ի պես հսկայի համար. ուրեմն՝ ի՞նչ  նպատակով է ամերիկյան ընկերությունը համաձայնել մատուցել իր ծառայությունը:
 
Այս հարցի պատասխանը  մեր Եկեղեցին դեռ չի տվել, բայց ծանոթանալով այդ նույն ընկերության մասին մեկ այլ տեղեկության՝ կարելի է ենթադրություն անել:
 
«Մըք Քենզի» ընկերության նախկին անդամներից մեկը Բայրոն Օգյուստն է՝ ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, Վիլյամ և Ֆլորա Հյուլեթթների հիմնադրամի տնօրեն: Սա այն հիմնադրամն է, որի տնօրեններից էր Իրաքում և Աֆղանստանում իր դերակատարությունն ունեցած Քոնդոլիզա Ռայսը: Իսկ հիմնադրամի  հիմնադիրներից է RAND Corporation-ը, որը մասնավոր բանակային միավոր է ԱՄՆ-ում և մասնակցել է Իրաքի քայքայման գործընթացին: 
 
Ընկերության  ցուցակում է նաև Դուգլաս Ա. Վորներ 3-րդը, ով ԱՄՆ սպառազինության ոլորտում գործող Carlyle Group-ի խորհրդատուն է, Chase Manhattan Bank և J.P. Morgan Chase & Co. բանկերի նախագահը: Բացի այդ, նա Bechtel Group, Inc. ընկերության խորհրդատուն է: Հենց այս Bechtel Group-ն է, որը, ըստ տեղեկությունների, 90-ականների վերջին ապամոնտաժել ու տարել-կորցրել էր Ուկրաինային Սովետից  բաժին հասած հրթիռային համալիրները:
 
ՀԳ. Եթե հիմք ընդունենք Վեհափառի խոսնակի հայտարարությունը, թե խորհրդատվության գործարքը չի կայացել, ապա կարող ենք ենթադրել, որ հասարակական մեծ աղմուկի դեպքում գուցե  գործարքը կասեցվի: Հակառակ դեպքում տպավորությունն այն է, որ  հոգևոր անվտանգության համար պատասխանատու կառույցն ինքնամաքրվելու փոխարեն  իր դռներն է բացել կասկածելի գործունեություն  իրականացնող միջազգային կառույցի առջև: Մինչդեռ ամեն հայի համար հավատքի օրրան է Հայ Առաքելականը. ինչպես Վահան Թեքեյանն է երգել՝ «Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հավատքին»: