Մե՞նք ինչով ենք պակաս

ԳՈՒՑԵ ՄԵՐՈՆՑ ԷԼ «ԹԱՍԻԲԻ» ԳՑԵՆ

Հայերս շատ ենք պարծենում քարից հաց քամելու, ամենադժվարին պայմաններում գոյատևելու մեր կարողությամբ, այնինչ մեր սահմանամերձ գյուղերն ու քաղաքները դարձել են գործազրկության օջախներ ու օրեցօր դատարկվում են հիմնականում այս պատճառով: Մեզ հիմա շատ են անհրաժեշտ Հայնան կղզու մի ավանի ղեկավարության նման հնարամիտ մարդիկ, որպեսզի մեր գյուղերում հայ ծնողների աչքը ճամփին չմնա, թե մեկ էլ  իրենց զավակների, թոռ-ծոռների երեսը կտեսնեն,
թե՞  ամայացած հսկա տան մեջ մահը մենակ կդիմավորեն:
 
Աղքատությունը հաղթահարելու լավագույն միջոցը, իհարկե, աշխատատեղեր ստեղծելն է: Չինաստանի Հանյան կղզու ավաններից մեկում որոշել են աղքատությունը «բուժել» սարդերի օգնությամբ: Հայտնի է, որ աշխարհում տարածված սարդերի տարբեր տեսակների թվում կան նաև անչափ թունավոր ենթատեսակներ, իսկ թույնի բուժիչ հատկությունները չէ՞ որ վաղուց են հայտնի: Դեղաչափից է կախված՝ ընդունողը կապաքինվի՞, թե՞ կթունավորվի: Այնպես որ եթե օձի թույնից հնարավոր է դեղ ստնալ, սարդի թույնը նույնպես բուժական նպատակներով օգտագործվում է: Թե ինչ տեսակի սարդեր են տարածված Հայնան կղզում, տեղեկությունը հաղորդող «Գազետան» չի նշում: Կարևորն այն է, որ այնտեղ արդեն այդպիսի արտադրություն են հիմնել, և 400 ընտանիքի ապահովել կայուն եկամտով: Ներդրվել է ընդամենը երկուսուկես միլիոն դոլարին համարժեք յուան, որի շնորհիվ այդ 400 ընտանիքը փրկվել է ծայրահեղ աղքատությունից:
 
Վերջերս է Տավուշի մարզի Չորաթան գյուղում, Բերդ քաղաքում ձեռնոցի ֆաբրիկա գործարկվել, ու արդեն այնքան բան է տեղից շարժվել: Այնպես որ, եթե չինացիները կարող են 2,5 մլն դոլարով 400 ընտանիքի սովից փրկել, մենք ինչո՞ւ չենք կարող ավելի սուղ միջոցներով մեր երկիրը փրկել: Որովհետև եթե աշխատատեղ կա՝ արտագաղթ չկա, չկա արտագաղթ՝ կա շեն Հայաստան: Հիմա նույնիսկ խորհրդային բուհերը կարմիր դիպլոմով ավարտածները չեն վարանի բանվորի արտահագուստով իրենց տան դռանը հաց վաստակել ու ընտանիք պահել: 
 
Ապրեն չինացիները, լավ բան են մտածել: Գուցե նրա՞նք մերոնց «թասիբի» գցեն: