Դասախոսը՝ թամադա

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Տգեղ երևույթ է, երբ մարդ չի գտնում իր տեղը կյանքում՝ ընդհանրապես, և նախընտրած աշխատանքային գործունեության մեջ՝ մասնավորապես: Տուժում է և՛ մարդը, և՛ ոլորտը, որտեղ նա աշխատում է:
 
Սխալը գալիս է չհավասարակշռված, ապաշնորհ կադրային քաղաքականությունից, ինչը նշանակում է կադրերի ընտրության, տեղաբաշխման և վերապատրաստման սկզբունքների քամահրում, առաջատար մասնագետների կերպարի նսեմացում: Լավ կյանքից չէ, որ ճարտարագետի բարձրագույն կրթության դիպլոմը գրպանում անձը հարկադրված է տաքսու վարորդ աշխատել կամ մանկավարժականը փայլուն ավարտած մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչը՝ չիր ու ընդեղեն վաճառել շուկայում:
 
Օրեր առաջ Երևանի պետհամալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել Մայր բուհի ամբիոնների վարիչների թափուր տեղերի համար մրցակցային ընտրություններ անցկացնելու մասին: Լրագրության ֆակուլտետի Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի ղեկավարի թափուր տեղի համար միակ թեկնածուն նույն բուհում ժամավճարով աշխատող դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Նա էլ, ըստ երևույթին, «անախոյան» մրցույթի արդյունքում կգլխավորի վերոնշյալ ամբիոնը, որը 2021թ. նոյեմբերից վարիչ չունի: Տարոնը միաժամանակ լայն ճանաչում ունեցող հանդիսավար է՝ թամադա:
 
Բանասեր գիտնականը թամադայությունից ստացվող գումարով ջանում է ինչ-որ կերպ համակշռել, լրացնել դասախոսի համեստ աշխատավարձը և հոգալ ընտանիքի հարաճուն կարիքները: Aravot.am-ը նրանից հետաքրքրվել է՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր աշխատանքը դասավանդման և ամբիոնի ղեկավարման հետ: Դանիելյանի խոսքով՝ հանդիսավարությունը գիտությամբ ու դասախոսական գործունեությամբ զբաղվելուն երբեք չի խանգարել: Իսկ ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թամադայի գործով զբաղվել միայն շաբաթ և կիրակի օրերին:
 
Ամեն դեպքում երկրորդ աշխատանքից չի ուզում հրաժարվել և չի էլ կարող, քանի դեռ պետությունն արժանվույնս չի գնահատում գիտության, կրթության, արվեստի, մշակույթի ու հումանիտար թեքումով այլ հաստատությունների աշխատողների գործունեությունը և կատարած աշխատանքի դիմաց նրանց պատշաճ չափով չի վարձատրում: Կադրային քաղաքականության աղետալի վիճակի մասին է վկայում այն փաստը, որ պետական համակարգում պատասխանատու առաքելություն իրականացնող պաշտոնյան՝ տվյալ դեպքում ԵՊՀ ամբիոնի ղեկավարը, ստիպված է ապավինել կողմնակի վաստակին, այսինքն՝ հեշտ ձևով փող աշխատելու ճարպկությանը, ինչը լավ մասնագետի համար ինչ-որ առումով նվաստացուցիչ է:
 
Ի դեպ՝ թամադան ոչ միայն հարսանիքի հանդիսավարն է, այլ՝ մարդ, որի ուսերին կարևոր մի խնդիր է դրված՝ ոչ միայն զվարճացնել ու զբաղեցնել հյուրերին, այլև բառացիորեն ուղղորդել և ղեկավարել խնջույքը: Լավ թամադայի մեջ պետք է համադրվեն արտիստի, հոգեբանի և հանդիսավարի լավագույն հատկանիշները: Ինքնին լրջագույն խնդիր է այն, որ հայտարարված մրցույթում ԵՊՀ ամբիոնի վարիչի թափուր տեղին հավակնում է ընդամենը մեկ թեկնածու: Մի կողմ դնենք թեկնածուի՝ հանրությանը քաջածանոթ թամադա լինելու հանգամանքը. մարդ, որին ցանկացած մեկը, այդ թվում՝ նրա ուսանողը կամ ուսանողուհին, կարող է պատվիրել՝ վարելու, դիցուք, իր հարսանեկան արարողությունը:
 
Անհարմարություններ չե՞ն ծագի, օրինակ, մատուցած ծառայության գնի սակարկման շուրջ դասախոսի և ուսանողի միջև: Դասախոսը և թամադան ունեն տարբեր լեզվամտածողություն։ Տարբեր է նաև թամադայի ու լրագրողի լեզվամտածողությունը։ Դասախոս թամադան կամ թամադա դասախոսը հազիվ թե ի զորու գտնվի ուսանողի մեջ լրագրողի լեզվամտածողություն ներարկել: Մենք երբեք կարգին կրթական համակարգ, լավ քաղաքագետ, ուսուցիչ, արհեստավարժ լրագրող, գիտնական, քաղաքական գործիչ չենք ունենա, եթե նման մարդիկ ստիպված լինեն ազատ ժամերին աշխատել թամադա, տաքսու վարորդ, մատուցող կամ ընդեղեն վաճառող: Բարոյական էլ չէ նրանցից ավելին պահանջել։