Հայկական արտադրանքը` հայ և օտար սպառողներին

ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԲԵՌԸ

Պարզվում է` Հայաստանում թեև քիչ քանակով արտադրվում են այնպիսի ապրանքներ, որոնք  կարող են բավարարել անգամ քմահաճ եվրոպացիների պահանջները: Հայկական օճառներ, շամպուններ,  ներկեր, դիմակներ, էկոլոգիապես անարատ սնունդ, հյութեր, անգամ հայկական ասեղնագործված իրեր: Այս ողջ տեսականին այսօր ներկայացված էր  Հայաստանի գործատուների միության գործունեության  10-ամյակին նվիրված միջոցառմանը:
 
«Ավանգարդը» զրուցեց մի քանի տեղական արտադրողների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք իրական են այն լուրերը, որ Հայաստանում  բիզնես-դաշտը բարենպաստ չէ  ներդրողի համար:
 
- Սուտ է: Չկա նման բան: Պետք է պարզապես օրինական աշխատես և կարողանաս աշխատանքդ ճիշտ կազմակերպել,- հավաստիացրեց հայկական օճառների արտադրությամբ զբաղվող սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը:
 
Նրա խոսքով` բիզնես դաշտի անբարենպաստության մասին   անիրական լուրերը բերնեբերան տարածվում ու դառնում են  ճշմարտացի:
 
Սիրիահայ գործարարն այնքան է  հաջողել իր գործում, որ շուտով հայկական արտադրանքը կվաճառվի նաև հայաստանյան սուպերմարկետներում, Վրաստանում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում:
Ասեղնագործությամբ զբաղվող Աիդա Սանթուրյանը ևս  դժգոհ չէ Հայաստանի բիզնես միջավայրից: Նրա ասեղնագործած պայուսակները, թևնոցները, վզնոցներն արդեն երեք տարուց ավելի է՝ սպառվում է թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:
 
Չնայած  հայ գործարարները կարծես թե դժգոհ չեն ներդրումային միջավայրից, այնուամենայնիվ, դեռ անելիքներ կան: Դրանցից մեկը վերաբերում է  աշխատանքային օրենսդրության արմատական փոփոխությանը, որի մասին վերջերս խոսեց գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը: ՀԳՄ ղեկավար Գագիկ Մակարյանը տեղյակ է Կարապետյանի հայտարարությունից. պարզվում է` աշխատանքային օրենսդրության փոփոխության նպատակը նաև գործատուների բեռի թեթևացումն է: 
 
Բանն այն է, որ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատողը աշխատանքից հեռանալու դիմում գրելուց 30 օր հետո միայն կարող է այլ աշխատանքի անցնել: Բայց որոշ ոլորտներում, օրինակ ՏՏ-ում, 30 օրը բավարար չէ: Հետևաբար, գուցե ժամկետի երկարաձգման հարց առաջանա:
 
Մյուս խնդիրը փաստաթղթավորումն է: Միկրո ձեռնարկությունների համար աշխատանքային փաստաթղթերի ծավալը, ըստ Գագիկ Մակարյանի, մեծ է:
 
-Տասն աշխատող ունեցողի  համար կարելի է պարզեցված մոդել ստեղծել,- առաջարկում է  Մակարյանը:
 
Փոփոխություններն այսքանով չեն ավարտվում: Հավանաբար, մինչև այս տարվա վերջ պատրաստ կլինի Աշխատանքային օրենսգրքի նոր նախագիծը: