Մենք դեռ ճանպարհ ունենք անցնելու
Իմ սիրելի հայ ժողովուրդ․
Այսօր վերստին վերապրելով մեր ազգային ողբերգությունը և խնկարկելով թուրքի յաթաղանի միլիոնավոր զոհերի հիշատակը, նորից պետք է վերագտնենք մեր ազգային արժանապատվությունը և ապագային հառենք չերկնչող մեր հայացքները։
Մեր անցած պատմության հազարամյա ճանապարհին ցավ ու դառնություն շատ ենք տեսել, բայց երբեք չենք ընկճվել ու լավ գիտենք, որ մեզ ոչ ոք չի կարող օգնել և պաշտպանել այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Ուրեմն. պետք է հավատարիմ մնանք մեր քրիստոնեական Սուրբ հավատին և հետևենք մեր ազգի իմաստուն այրերի խորհուրդներին։ Պետք է կանգնենք մեր հերոս ու քաջ զինվորների և անպարտելի բանակի կողքին՝ սիրով, նվիրումով և համերաշխությամբ։ Որովհետև իշխանությունները կգան ու կգնան, իսկ ժողովուրդը միշտ կմնա։ Ազգի ու հայրենիքի գոյությունն է ամենակարևորը։
Ես հավատում եմ իմ հայ ազգի իմաստնությանը, նրա պայծառ մտքին, արարչագործ ոգուն, անկոտրում կամքին, անպարտելի բազկին և հավատում եմ, որ նա հավատարիմ կմնա Հայկ Նահապետ պատգամներին։
Պետք է ազգովի ոտքի կանգնենք և պաշտպանենք մեր անանց սերը՝ մեր միակ տեր և մեզ ուժ տվող մեր հայրենիքը՝ մայր Հայաստանը։
Ես կոչ եմ անում համայն աշխարհի հայությանը՝ հայրենիքում և դրա սահմաններից դուրս ապրող հայազգի նվիրյալ զավակներին՝ ժամն է համախմբումի։ Այսօր առավել անհրաժեշտ է միակամ լինել, սատար կանգնել մեր սիրելի հայրենիք փրկությանը՝ մերժելով դավաճաններին և վերստին չկրկնելով մեր պապերի սխալները։
Պետք է հավատարիմ մնանք մեր հազարամյա պատմությանը և նրա գոյատևման փառավոր հաղթանակներին և նրա գալիք լուսավոր ապագային։
Զինվենք համբերությամբ և լավատեսությամբ, բայց չկորցնենք զգոնությունը։ Մենք դեռ հառնումի ճանապարհ ունենք անցնելու և մեծ ու փոքր ճակատամարտեր՝ այդ ճանապարհին։ Անսահման մեծ կամք ու կորով մեզ՝ հարատևության մեր ժանապարհին։
Վարդիթեր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոսկվա