«Բուժման սպասումով վնասում են իրենց»

Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՃԱՂԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է նոր վավերագրական ֆիլմ՝ «Բուժման սպասումով վնասում են իրենց․ ի՞նչ է իրականում տեղի ունենում ճաղերից այն կողմ», որն անդրադառնում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության խնդիրներին։
 
Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության ուշացումը մարդկանց մղում է ծայրահեղ քայլերի՝ ինքնավնասում, հացադուլ։ Միայն 2024 թվականին արձանագրվել է 626 ինքնավնասման դեպք՝ կատարված 205 անձանց կողմից։ Պաշտոնական տվյալներով՝ ինքնավնասման պատճառների շարքում առաջին տեղում է բժշկական ծառայությունների, բուժօգնության հասանելիության հետ կապված խնդիրները։ 
 
Բուժծառայության խնդիրների վերաբերյալ պարբերաբար ահազանգեր է ստանում նաև քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում իրականացնող դիտորդական խումբը։ 2024-ին ստացել են 45 ահազանգ, որից 26-ը բուժծառայության հետ կապված, իսկ 2025-ի առաջին եռամսյակում՝ 21 ահազանգից 14-ը վերաբերվում է բուժծառայությանը առողջական վիճակին։ Բուժսպասարկման համակարգը բարելավելու նպատակով 2023 թվականի ապրիլի 28-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն Արդարադատության նախարարությունից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը։ Սակայն դիտորդների գնահատմամբ՝ համակարգում էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվում։ 
 
Բժշկական սպասարկումը պահման պայմանների կարևոր բաղադրիչներից է։ Պետությունն ունի պարտավորություն՝ ապահովելու պայմաններ, որոնք կնպաստեն դատապարտյալների առողջության պահպանմանը և կկանխեն ինքնավնասման կամ հացադուլի դեպքերը։ 
 
Ֆիլմը (հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան, օպերատոր, մոնտաժող՝ Արթուր Դևրիկյան) նկարահանվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: 
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: