Շուրջ 100 տարվա դադարից հետո

ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵՑ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՒԽՐՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Երկու օր առաջ՝ օգոստոսի  25-ին, Սյունյաց թեմի առաջնորդ, Մակար սրբազան եպիսկոպոսի ձեռամբ   վերաօծվեց Քաջարան խոշորացված համայնքի Փուխրուտ գյուղի 17-րդ  դարում կառուցված թաղակապ, Սբ  Ստեփանոս Նախավկա եկեղեցին:
Եկեղեցու  վերականգնման աշխատանքները տևել են շուրջ երկու տարի, իրականացվել են  «ԶՊՄԿ»  ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ,  Քաջարանի համայնքապետարանի և գյուղի բնակիչների աջակցությամբ:
 
Վերաօծման արարողությանը ներկա էին Սյունիքի հոգևոր դասի, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, Քաջարան  համայնքի ղեկավարը, աշխատակազմը, ավագանու անդամներ, հյուրեր:  
 
Արարողությամբ  հիմք դրվեց՝ տարածաշրջանի հոգևոր և մշակութային կյանքի նոր ժամանակաշրջանի: Համայնքում պատմամշակութային և հոգևոր կարևորություն ունեցող ևս մեկ ծրագիր կյանքի կոչվեց, ինչն իր հերթին կխթանի նաև զբոսաշրջությունն ու այլ հարակից ոլորտների զարգացման հնարավորությունները:
 
Խորհրդային տարիներին,  շատ եկեղեցիների պես, Սբ Ստեփանոս եկեղեցու շենքը վերածվել էր  պահեստի, իսկ անկախությունից հետո սրբավայրն ուղղակի լքված էր:   
 
Գրեթե 100 տարվա դադարից հետո, այն  կրկին ընդունեց հավատացյալ ժողովրդին՝  սկիզբ  դնելով  բնակավայրի նորագույն պատմությանը:
 
Փուխրուտը հինավուրց գյուղ է, հարյուրամյակների պատմություն ունի, առաջին հիշատակումները բնակավայրի մասին Բեխորոտ անվանումով են, 10 - րդ դարի Տաթևի վանքի հարկացուցակում: