Արցախցի «Տատն ու Պապը»՝ Եռաբլուրում
Այսօր Արցախի Հանրապետության հիմնադրման օրն է, որը նշանավորվեց Եռաբլուրում
«Արցախի կանչ» հուշակոթողի պաշտոնական բացման արարողությամբ։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում բացվել է «Արցախի կանչ» անունը կրող հուշարձանը։ Այն հավերժացնելու է արցախյան բոլոր նահատակների, Արցախում հուղարկավորվածների և 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:
- Մարդիկ գերեզման չունեն։ Սա կառուցվել է հոգու մխիթարության համար, ժամանակավոր է՝ մինչև վերադառնանք Արցախ,- ասել է Արթուր Վանեցյանը, ում ընտանիքի անձնական միջոցներով կառուցվել է հուշակոթողը։
Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և այլ հոգևորականներ օծեցին հուշակոթողի խաչքարերը։
Քանդակի հեղինակն արցախցի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանն է, ում խոսքով՝
- Ամենից կարևորն ինձ համար Տատն ու Պապն են, որ մեկն այն կողմ է նայում, մյուսը՝ գերեզմաններին, և իրենց թոռնիկի հետ միասին հասել են այստեղ։ Ինձ թվում է՝ իրենք էլի վերադառնալու են Արցախ։ Արցախյան արմատը չի չորանում և միշտ մնալու է հողի մեջ։





