«Փոքրամասնության քաղաքապետը քնել-զարթնել ու որոշել է, որ պարեկները չպետք է խաչմերուկը խցանումից բացեն». Գ․ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Երևանի քաղաքապետը որոշել է, որ պարեկները խցանումների ժամանակ այլևս չպետք է ներգրավվեն երթևեկությունը կանոնակարգելու գործում, ինչի հետևանքով խցանումները կաթվածահար են անում երթևեկությունը։ Թեման «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

- Այսօր մեր այս փոքրամասնության քաղաքապետը քնել-զարթնել է ու որոշել, որ պարեկներին պետք է հանի։ Ինչ է թե, երկու տեսանյութ է տեսել, որ պարեկները չեն կարողացել խաչմերուկը խցանումից ազատել, և որոշել է, որ նրանց բացակայությամբ ավելի լավ կլինի աշխատանքը։
Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Երևանի փողոցներում օրվա ցանկացած ժամի խցանումներ են, անգամ այն հատվածներում, որոնք նախկինում ծանրաբեռնված չէին։ Արդյունքում հանրային տրանսպորտը նույնպես գործում է ուշացումներով։ «Քաղաքապետարանի բարեփոխումներն ամեն օրվա հետ նոր խնդիր են առաջացնում քաղաքացիների համար։ Մարդիկ առավոտյան ուշանում են աշխատանքի, իսկ երեկոյան չեն հասցնում տուն վերադառնալ»,- նշեց Ստեփանյանը։
- Սա գժերի կառավարման հետևանքն է։ Մարդիկ առավոտյան ուշանում են աշխատանքի, երեկոյան չեն կարողանում տուն հասնել, որովհետև տրանսպորտ չկա։ Նոր ավտոբուսներ չեն բերվել։ «Ավտոբուս» ՓԲԸ-ն մոտ 300 միլիոնի պարտք ունի, թերհավաքագրումներ են լինում։ Ավելի քան 100 ավտոբուս փչացած կանգնած է, սպասարկման կենտրոնին պարտքեր ունեն ու չեն տալիս, ավտոբուսներն էլ չեն վերանորոգվում։ Իսկ այսօր մեր այս փոքրամասնության քաղաքապետը քնել-զարթնել է ու որոշել պարեկներին էլ հանի՝ կարծելով, թե առանց նրանց ավելի լավ կաշխատի համակարգը,- ասաց նա։
Ստեփանյանի կարծիքով՝ եթե պարեկները այլևս չմիջամտեն խցանումներին, ապա իրավիճակը միայն կվատթարանա։ Նա նաև նշեց, որ արդեն երկու օր է՝ Ամերիկյան դեսպանատան դիմաց պարեկներ չկան։
- Այս ամենը անմիջական ազդեցություն է ունեցել նաև մարզերից Երևան եկող մարդկանց վրա։ Օրինակ՝ Արմավիրի բնակիչները ստիպված են առավոտյան ժամը 06։00-ին դուրս գալ տներից, որպեսզի գոնե 09։30-ին լինեն Երևանում,– ասաց ավագանու անդամը։
Խոսելով ավտոբուսներում տուգանքների մասին՝ Ստեփանյանը նշեց, որ վերջին օրերին տուգանողներն էլ չկան։
- 60 վայրկյանում ինչպես կարող է մարդը հասնել վալիդատորին։ Պետք է գրեթե գիմնաստ լինես, որ տրանսպորտի մեջ հասնես սարքին։ Մարդիկ չեն մուծում, թերհավաքագրումներ են լինում, ավտոբուսները փչացած կանգնած են, գումար չկա դրանք նորոգելու համար։ Ավինյան Տիգրանին ասեք՝ թող կաբինետից դուրս գա, ցերեկը մտնի մեկ տրանսպորտ, բարևի մարդկանց։ Մարդիկ նույնիսկ բարևին չեն պատասխանի։ Եթե համաձայնի, ես անձամբ ժամը 17։30-20։30 ժամանակահատվածում կուղեկցեմ իրեն կանգառներով։ Մի անգամ է մուտք գործել ավտոբուս, այնպիսի վերաբերմունքի է արժանացել, որ քոռ ու փոշման գնացել է իր Արգիշտի 1 հասցեն,– եզրափակեց Ստեփանյանը։





