«ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է»․ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ՔՊԿ 7-րդ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից արդեն 1 տարի 7 ամիս զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում այս մասին ասաց կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նկատեց, որ կուսակցության 7–րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում:
- ՀՀ–ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել՝ այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոտոսոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով: Բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը: Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: Անկախացումից ի վեր մենք նման որևէ 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի: Սա է խաղաղությունը,–ասաց Փաշինյանը:
Նա կարևորեց այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ և վերաբերի ՀՀ բոլոր սահմաններին:
Վարչապետը հիշեցրեց՝ ՔՊ կուսակցության 6–րդ համաժողովին նախորդած ժամանակաշրջանում հաղորդել է՝ եթե իշխանությանը հաջողվի 2–3 տարի ապահովել պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես պետության լինելիությունը կապահովեն:
- Այդ հայտարարությունից 3 տարի անց ձեր առաջ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ ՀՀ–ում կառավարող կուսակցության համաժողովում մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված,- ասաց Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ժողովրդին:
♦
Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր խոնարհումը հայտնեց կուսակցության անդամներին, որոնք կարողացել ենք Հայաստանի դժվարին ու դժոխային օրերում չսասանվել, տանել բեռը, տառապանքն ու ցնցումը:
Խոսելով անցած դժվարությունների, խաղաղության հաստատման գործընթացի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին՝ Փաշինյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց կուսակցականներին:
Դիմելով կուսակցական ընկերներին՝ Փաշինյանն ասաց.
- Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք: Բայց աներևեկայելի է, թե ինչպես էր հնարավոր չսասանվել: Դժվար է նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել, ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, այդ տառապանքն ու ցնցումը, ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով: Ձեր և ձեր ընտանիքների անդամների հասցեին՝ սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը, որ ձեր դեմ կիրառում էին և կիրառում են:
Փաշինյանն իր խոնարհումը հայտնեց համաժողովին մասնակցող բոլոր պատվիրակների, կուսակցության մյուս անդամների, նրանց ընտանիքների առաջ: Նա նկատեց՝ նույնիսկ ինքն ամբողջությամբ չգիտի, թե ինչերի միջով են նրանք անցել ու անցնում 2020թ. այն դժնդակ օրերից ի վեր:
- Եղան մարդիկ, որոնք քանդվեցին, փլուզվեցին: Բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում, որովհետ մեր տեսած այն պայմաններում հենց դա է տրամաբանականը, հենց դա է սովորական մարդկայինը, որովհետև ՔՊ կուսակցության անդամ լինելով՝ հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէր տանել, հնարավոր չէ վերապրել: Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետև կանգուն մնալն անհնարին էր, կատարելապես անհնարին, և նրանց փլուզումն անկանկալ չէր ու հասկանալի էր նույնիսկ: Բայց դուք կանգնեցիք, ասել է թե՝ դուք արեցիք անհնարինը: Եվ սա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու առանձնահատկությունը, կուսակցությունն անհնարինն անելու կուսակցություն է, և մենք իրար հետ արել ենք ու անում ենք անհնարինը,- ասաց Փաշինյանը:
Նա մոտեցավ բեմի կենտրոնին ու խոնարհվեց:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդն իր փախստականի կարգավիճակը ՀՀ իշխանությունների աջակցությամբ պետք է փոխարինի Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովին այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ Ղարաբաղի ժողովուրդը, ի հեճուկս բոլոր փորձերի, աննկարագրելի ողբերգության, չի ներքաշվել հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ:
- Եվ այսօր այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ: ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժն ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը,- ասաց Փաշինյանն ու իր խոնարհումը հայտնեց ՀՀ ժողովրդին:





