Ստացվում է, որ ՄԱԿ-ի կառույցներում ադրբեջանական գործակալներ են
ԱԿՑԻԱ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համահիմնադիրներն ու անդամներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ ավարտին կազմակերպության ներկայացուցչին հանձնելով Անտոնիո Գուտերեշին հասցեագրված հանրագիր։
Շարժման անդամ Ժասմինա Ղևոնդյանը մանրամասնեց, որ այս տարվա փետրվարի 17-ին ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (UN WGAD) եզրակացությունէ հրապարակել, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր, իսկ Բաքվում անցկացվող դատավարությունն իրավաչափ է։
- Հետագայում պարզվել է, որ այդ աշխատանքային խմբի ղեկավարը կապ ունի ադրբեջանական ընկերությունների հետ։ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պարզել է ու հիմնավորել, որ խմբի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։ Ստացվում է, որ ՄԱԿ-ի կառույցներում ադրբեջանական գործակալներ են, անարդարություններ են տիրում,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հանրային պահանջագրի բովանդակությունը հրապարակեց շարժման անդամ, դասախոս, հրապարակխոս Նարինե Դիլբարյանը։
- Համարում ենք, որ հենց ՄԱԿ-ի այդ աշխատանքային խումբն ու դրա եզրակացությունն են կամայական, համոզված ենք, եթե ՄԱԿ-ը հետ չկանչի այդ եզրակացությունն ու չձևավորի նոր հանձնախումբ, մենք կունենանք Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչախմբի կողմից նման դիմումներ, ինչի արդյունքում կկարողանան Բաքվի բանտերում գտնվող մեր պատանդների վերաբերյալ գնել նման թղթեր ու կառավարել ՄԱԿ-ը՝ «ապացուցելով, որ էթնիկ զտում անցկացրած ցեղասպան պետությունը չէ մեղավոր», այլ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա ինքնահռչակված Հանրապետության ազգային-ազատագրական պայքարն իրականացնող գործիչներն են իբրև թե ահաբեկիչներ,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հանրագրում։
Շարժումը պահանջում է Գաննա Յուդկիվսկայի ղեկավարած հանձնախմբի եզրակացությունը ճանաչել անվավեր՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնակարգից և ձևավորել նոր հանձնախումբ։
Դիլբարյանի խոսքով, այս եզրակացությանը պետք է արձագանքեին Հայաստանի կառավարությունը, ԱԳ նախարարությունըմ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, արդարադատության նախարարությունը։
- Բաքվի բանտերում գտնվողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Մեր պետության առաջնային խնդիրը պետք է լիներ պաշտպանել մեր քաղաքացիների շահերն ակնհայտ ապօրինություններից։ Մենք ինչ ենք տեսնում Իսրայելի ու այլ պետությունների դեպքում, յուրաքանչյուր քաղաքացու դեպքում դիմում են ամեն միջոցի։ Այո, պետությունը լռում է։ Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը գրաված քաղաքական ուժեը՝ «Քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն չի կատարում իր սահմանդրական պարտքը, այլև լռնում է՝ ելնելով տարբեր դրդապատճառներից։ Բայց եթե պետությունը լռում է, դա չի նշանակում, որ այդ ապօրինություններն ընդունելի են,-ասաց Դիլբարյանը։
Հանրագիրը շարժման համահիմնադիր, «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը փոխանցեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի անվտանգության աշխատակցին։ Վերջինը խոստացավ, հանրագիրն անպայման կհասնի հասցեատիրոջը։
Աղբյուր՝ panorama.am





