6000-ամյա «վիշապաքարերի» առեղծվածը լուծվե՞լ է

Հայկական լեռնաշխարհի 6000 տարվա պատմություն ունեցող վիշապաքարերի
վերաբերյալ Հայաստանի գիտնականների բացահայտումների մասին հոդվածը
մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային ասպարեզում:
 
«6000-ամյա «վիշապաքարերի» առեղծվածը լուծվել է՝ հնագետները կապ են հաստատում «ջրի հնագույն պաշտամունքի» հետ», «Հնագիտության ոլորտում մեծ հայտնագործություն․ 6000 տարվա վաղեմության «վիշապաքարերի» առեղծվածը «բացահայտվել է», «Հետազոտողները բացահայտել են Արարատ լեռան մոտ գտնվող Հայաստանի 6000 տարվա հնությամբ վիշապաքարերի գաղտնիքը», ««Վիշապ քարերը» անշուշտ ավելի հին են, քան բուրգերը․ հնագետները բացահայտում են առեղծվածը», «Նոր ուսումնասիրությունը բացահայտում է Հայաստանի հնագույն վիշապաքարերի առեղծվածը», Մեգալիթյան «վիշապաքարերը» հավանաբար եղել են հնագույն ջրի պաշտամունքի մի մասը» վերնագրերով հոդվածներ են հրապարակել G.Britain news channel-ը,  Daily Express-ը, The Jerusalem Post prepares-ը, National Geographic-ը, Greek Reporter –ը, Slate-ը, Archaeology News-ը, Archaeology Magazine-ը, Наука-ն, ZAP.aeiou-ն, Nacion-ը, Derstandard-ը, Çeviri Haber-ը։ 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ այս հրապարակումների հիմքում Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի հեղինակային «Գուրզադյան Վ․, Բոբոխյան Ա․ 2025, Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն» (Vishap stelae as cult dedicated prehistoric monuments of Armenian Highlands: data analysis and interpretation) հոդվածն է, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին  ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում։ 
 
«Հոդվածի հեղինակների առաջ քաշած տեսակետները թույլ են տալիս ոչ միայն նորովի արժևորել վիշապ քարակոթողների տեղն ու դերը, այլև նպաստում են միայն Հայկական լեռնաշխարհի սահմաններում  արձանագրվող մշակութային այս ֆենոմենի հանրահռչակմանը և միջազգային  շրջանակներում մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշների հետ ծանոթացմանը»,- ասել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։
 
Հոդվածում հեղինակները հաստատել են վարկածը, որ վիշապաքարերը սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: