Հարկերի հավաքագրումն ավելացել է. նախարար

800 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ


Պարզվում է` Հայաստանից դուրս տարվող գումարները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կապիտալի արտահոսք չի համարում: Նա այսօր կառավարության նիստից հետո ասել է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներդրողները կրկնապատկել են Հայաստանից տարվող գումարները: Դրանք, ըստ գործադիր մարմնի անդամի` հիմնականում հոսում են դեպի Ռուսաստան:

Նախարարի պարզաբանմամբ` Հայաստանից դուրս հանվող գումարների մեջ մտնում են նաև այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար:

Սուրեն Կարայանը նշեց, որ կառավարությունը լիահույս է, որ հայտարարված 800 մլն դոլար ներդրումները կատարվելու են:

Սրան զուգահեռ` նա հավաստիացրեց, որ 2017-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումները կազմել են 19, 7 մլրդ դրամ:

Լավատեսական  հույսեր է ներշնչել  նաև ֆինանսների նախարարը: Նա հիշեցրեց առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է  շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7- 5.7 տոկոս:

Անդրադառնալով հարկերի հավաքագրմանը՝ ֆինանսների նախարարն ասաց, որ ապրիլին Հայաստանն ունեցել է 107.5 միլիարդ դրամի հարկերի հավաքագրում.

-107.5 միլիարդ հարկերի հավաքագրման ցուցանիշը դա ամսական այն ծրագիրն է, որով մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում։

Նրա խոսքով՝ գրեթե նմանատիպ ցուցանիշ գրանցվել է նաև մայիսին: Արամյանը վստահեցրել է, որ վերջին 6 ամիսներին հարկերի հավաքագրման ցուցանիշներն աճում են: