Նախկին վարչապետը դատի է տվել մի քանի լրատվամիջոցների

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ՞Ն

Լրատվամիջոցները պարբերաբար հոդվածներ են հրապարակում այս կամ այն կոռումպացված պաշտոնյայի, նրա կապերի մասին՝ անգամ քրեական աշխարհի  հետ: Հիշենք, օրինակ, Չեխիայում օրենքով գող Ռուբեն Թաթուլյանի մասին հոդվածը, որտեղ գրված էր` Թաթուլյանն ունի դիվանագիտական անձնագիր: Դրանից հետո հրապարակում եղավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի պայքարի մասին ընդդեմ քրեական մի քանի խմբավորումների ու կոռումպացված օղակների:
 
Պարզվում է` քրեական հեղինակություններն ավելի հանդուրժող են ազատ խոսքի հանդեպ: Նույնը չես ասի նախկին ու ներկա որոշ պաշտոնյաների դեպքում: Նրանցից ոմանք որոշել են սաստել ազատ խոսքը՝ «ահաբեկելով» չորրորդ իշխանությանը:
 
Խոսքն այս անգամ նախկին վարչապետ, ԵՏՄ-ում  տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին է: Վերջինս դատի է տվել մի քանի լրատվամիջոցների՝ Անկախ լրագրողների ցանցին, «Անդրադարձ» մամուլի ակումբին, Ա1+-ին, «168 ժամ» և «Իրավունք» թերթերին ու  Tert.am-ին՝ իր անձը և արժանապատվությունը վիրավորելու գանգատով: 
 
Առայժմ միայն երկու լրատվամիջոցի`«Իրավունք» թերթի և «Ա1+»-ի   շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն է իր կարծիքը հայտնել տեղի ունեցածի մասին: Ըստ նրա` 2016 թ. հոկտեմբերի 7-ին «Եվրոպայի հայերի միության» ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը մամլո ասուլիսում քննադատել է էքս վարչապետ Տ. Սարգսյանին: Նրա խոսքով` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ի բոլոր գումարները փոխանցել է օֆշորային իր հաշիվների վրա: Աշոտ Գրիգորյանը վստահաբար պնդել է. 
-Սլովակիայում Կիպրոսի դեսպանի անունից հաստատում եմ, որ Տիգրան Սարգսյանն ինքն է ստորագրել օֆշորային այդ հաշիվները: Պատկերացրեք միայն՝ եթե գործարանը աշխատի, օգուտ բերի, հարց կառաջաանա` ինչո՞ւ նախկին 6 տարիների ընթացքում այն սնանկացավ: Իսկ շղթան կտանի Տիգրան Սարգսյանի մոտ:  
 
Այս խոսքերից վիրավորված` Տիգրան Սարգսյանը դիմում է դատարան` պատվի ու արժանապատվության վերականգման պահանջով:
 
Բայց մեկ նկատառում. «Նաիրիտ» գործարանի սնանկացման  հետ Տիգրան Սարգսյանի կապի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Ընդ որում` ոչ միայն Աշոտ Գրիգորյանի, այլև գործարանի աշխատակիցների, անգամ քաղաքական գործիչների կողմից: Բայց, իմանալով, որ լրատվամիջոցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլոց` տվյալ դեպքում Աշոտ Գրիգորյանի վերոնշյալ խոսքերը մեջբերելու համար, նախկին վարչապետը դիմում  է այս քայլին` ավելորդ քաշքշուկ ստեղծելու ԶԼՄ-ների համար:  Տպավորությունն այն է, որ ցանկանում են վախեցնել լրատվամիջոցներին, որպեսզի իր ու այլ պաշտոնյաների մասին  անգամ այլոց խոսքերը լուսաբանելուց առաջ մի լավ ծանրութեթև անեն: 
 
Առայժմ պարզ չէ, թե Տիգրան Սարգսյանն ինչի է փորձում հասնել: Դատական այս գործը, սակայն, լավ առիթ է համախմբվելու և  կասկածելի   գործունեություն ծավալող պաշտոնյաներին հիշեցնելու` ձեռքներդ հեռու չորրորդ իշխանությունից: