Ուսուցանող և տպավորիչ

Հերթական անգամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ և տեսարժան վայրեր» ծրագիրը: Դրա շրջանակում Հայաստանի և Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների թվով 75 աշակերտներ, իրենց ուղեկցող ուսուցիչների հետ հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Այս անգամ նրանք եղան Երևան քաղաքի պատմության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, այցելեցինԶորաց քարեր (Քարահունջ) ու Շաքիի ջրվեժ: 
 
Մայրաքաղաքի պատմության թանգարանում Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Կարբիի թեքեյանցի աշակերտներն էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջեցին թանգարանի ցուցասրահներում, դիտեցին հին Երևանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով: Երեխաներին քաղաքի մասին կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկություններ հաղորդեց «Ճանաչիր Երևանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան, որը նաև օգնեց տեղում՝ թանգարանում, ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները: Իսկ դպրոցականների կատարմամբ սրահներից մեկում թևածած «Էրեբունի-Երեւան» երգն անտարբեր չթողեց նաև թանգարանի այլ այցելուներին:
 
Հայաստանի ազգային պատկերասրահում դպրոցահասակ զբոսաշրջիկները շրջեցին Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի սրահներում, ծանոթացան մեծն վարպետների կյանքին, ստեղծագործական ուղուն ու նրանց  աշխատանքներին, իսկ հետո մասնակից դարձան կրթական ինտերակտիվ երկու ծրագրի՝ «Ճանաչենք մեր մեծերին» և «Տապանակիր լեռը»: 
 
Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն էլ աշակերտների համար կազմակերպել էր «Բացահայտում» խաղ-էքսկուրսիան:
 
Արցախի՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաների համար կազմակերպվեց էքսկուրսիա՝ ճանաչելու հայրենի հողը և ականատես լինելու Հայոց աշխարհի հրաշալիքներին: Երեխաներն այցելեցին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող աշխարհի հնագույն աստղադիտարան Զորաց քարեր (Քարահունջ): Պատմամշակութային արգելոցի տարածքում նրանք ծանոթացան հնավայրի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին։
 
Իսկ Շաքիի ջրվեժն ուղղակի գերեց երեխաներին՝ իր աննկարագրելի գեղեցկությամբ:
 
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Այցելություն թանգարաններ և տեսարժան վայրեր» ծրագրի շնորհիվ աշակերտները փոխանակեցին իրենց գիտելիքները, շփվեցին միմյանց հետ, կարևորեցին էքսկուրսիայի ուսուցողական դերը: Էքսկուրսիաներից տպավորված՝ նրանք նշեցին, որ վերադառնում են իրենց մարզեր՝ նոր ընկերներ ձեռք բերած և հաճելի հիշողություններով հարստացած: