Ավելի ամբարտավան հնարավոր չէ

ԸՆՏԱՆԻՔԻՆ ԶՐԿԵԼՈՎ՝ ԱՅԼՈ՞Ց ՀԱՃՈՅԱՆԱԼ

Կարծես թե  բնությունը նույնպես լուրջ դժգոհություններ ունի Երևանի քաղաքապետարանի աշխատանքից: Ու քաղաքապետի երդմնակալության խոստումները և հնչած տարատեսակ գնահատանքներն ու հաճոյախոսություները դեռ չմարած՝ հորդառատ անձրևն ասես  որոշեց ի ցույց դնել քաղաքապետարանի անգործությունը: Սոցցանցերում մարդիկ ապշահար դիտում էին  Մաշտոցի պողոտայում սելավը. վառ երևակայություն պետք չէ ունենալ՝ պատկերացնելու համար, թե  պատկան մարմնի հասցեին ինչ հիշոցներ են հնչեցրել սելավում իրենց մեքենաներով անզորությունից թրջված վարորդներն ուղևորները:  
 
Հանրային տրանպորստի հարցը վերջին 25 տարում մասին այնքան է քննարկվել, որ նույնիսկ ամենաանխնա քննադատները նոր ասելիք չեն գտնում: Արդեն քանի˜ տարի՝ էլի նույն ջուրն է, նույն անաղուն ջրաղացը: Բայց արի ու տես, որ ոլորտի պատասխանատուն իր  անգործությունը մունաթ դարձրած՝ այդ խնդրով հետաքրքրվողների երեսին է շմփացնում: 
 
Այսօր մունաթակռվի ռինգ էր մտել Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետարանի հնաբնակ Կամո Արեյանը: Հնաբնակ բառը պատահական չենք օգտագործում, քանի որ Կամո Արեյանի այսօրվա հայտարարությունն ուղղակի աշխատանքային պարտականություններից անտեղյակ մարդու տպավորություն էր թողնում՝ իր իսկ անգործությունն արդարացնելու անհաջող ու ամբարտավան փորձ: Լրագրողների հետ զրույցում նա ինքնամեծար ամբարտավանությամբ հայտարարեց, որ տրանսպորտի խնդիրն իրենք չեն ստեղծել, այլ ժառանգել են, բայց իրենք  կլուծեն: 4-րդ իշխանության ներկայացուցիչները  հետաքրքրվել են՝ Կամո Արեյանը   հանրային տրանսպորտից օգտվո՞ւմ է:
 
Դուք իմ «նաբլյուդատե՞լն» եք: Ես  լավ պատկերացնում եմ՝ ինչ վիճակ է գազելում:  Դրա համար պետք չէ  նստել ու թիթիզանալ,- մուննաթ է  եկել չինովնիկը, ապա  «մտքի  գոհարներ» շաղ տվել. 
 
- Տրանսպորտի խնդիրը մենք չենք  ստեղծել, այլ ժառանգել ենք: Մենք կլուծենք:
 
Այս չինովնիկի հիշողությունը հավանաբար կարճ է: Նա «մոռացել» է, որ 1997-ից ինքը Երևանի քաղաքապետի տեղակալ է. 1998-ին փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար: 2003 - 2009 թթ.՝ քաղաքապետի առաջին տեղակալ։ Ու այդպես՝ առ այսօր: Հետևաբար, Կամո Արեյանն ո՞ւմից է ժառանգել հանրային տրանսպորտի խնդիրը, կամ ե՞րբ է պատրաստվում լուծել այն, եթե եկու տասնամյակն իր համար քիչ է եղել: 
 
Մյուս կողմից, սակայն,Կամո Արեյանի այսպիսի ցինիզմը զարմանալի չէ: Ըստ տեղեկությունների՝ նրա ընտանիքի հետ է կապվում  քաղաքի տարբեր վայրերում ծաղիկների բիզնեսը: Վերջինս լա˜վ հոգ է տարել, որ քաղաքի բոլոր անկյուններում գույնզգույն ծաղիկներ  լինեն: Իհարկե, դա  լավ է, բայց անցորդը ծաղիկների ստվերում չի կարող կանգնել: Ու փոխանակ  քաղաքապետարանը ծառեր ու կանաչապատ տարածքներ ավելացներ, Կամո Արեյանի բիզնեսն է ծաղկեցրել:
 
Եվ ինչո՞ւ միայն Կամո Արեյանը: Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանի մյուս կարկառուն դեմքերն էլ իրենց  ունեցվածքով պակաս ուշարժան չեն: Իսկ թե ինչ ճանապարհով են դա կուտակել՝  վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն բնորոշ անկեղծությամբ ասել է՝ համենայնդեպս ոչ աշխատավարձով: 
 
Մի խոսքով, սեփական անգործությունը որպես չգիտես ումից ստացած ժառանգություն ներկայացնելու արեյանական «փայլուն» տրամաբանությունը ոչ մի քննադատության չի դիմանում՝ այնպես, ինչպես շռայլությունների մասին Երևանի քաղաքապետի արդարացումը: 
 
- Հարգելիներս, եթե դուք ձեր տունը  հյուր եք ընդունում, ուրեմն պետք է պատվով ընդունեք,- ասել է  քաղաքապետը:  
 
Բայց լավ տանտերն իր տունը միայն հյուրերի համար չի զարդարում՝ ընտանիքի անդամներին զրկելով տարրական հնարավորություններից: Իսկ եթե  ավելի պարզ, ապա միայն ցոփուշվայտն ու օտարի կարծիքի գերին կարող է հյուրերի հաճույքներն ապահովել՝ ընտանիքի անդամներին զուրկ պահելու հաշվին: