Սեֆիլյանի ու ընկերների դատը՝ լարված մթնոլորտում

ՍՓՅՈՒՌՔԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է

Շենգավիթի առաջին ատյանի դատարանի շենքն այսօր առավոտվանից շրջափակված էր ոստիկաններով: Անգամ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր այնտեղ: «Ավանգարդի» թղթակիցը նկատեց, որ ոստիկանները դատարան մտնողներին հարցնում էին, թե ուր են գնում, ստուգում էին անձնագրերն ու ներս թողնում: Պարզվեց՝ հարցուփորձը պատահական չէր: Տեղի պետք է ունենար «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, այս գործով ներգրավված Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի դատավարությունը: Նրանց  աջակիցները, ընկերները դատարանի մուտքի մոտ էին և դատավարությունը սկսվելուն պես  հոտնկայս, բուռն ծափերով դիմավորեցին կալանավորվածներին:
 
Դատավարությունը մեկնարկեց միջադեպով. փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը հրաժարվում էին կարգադրիչներին ցույց տալ պայուսակների պարունակությունը՝ որակելով դա խուզարկության փորձ։
 
Քիչ անց փաստաբաններին, այնուամենայնիվ, թույլ տվեցին առանց զննության դահլիճ մտնել։
 
Նիստի մեկնարկին Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Պապիկյանը հայտարարեց, որ քրեական գործը վարույթ ընդունելու և նիստի օրը նշանակելու ընթացքում դատավորն ունեցել է ընդամենը յոթ օր ժամանակ 36 հատոր նյութերին ծանոթանալու համար:
 
- Այս ընթացքում դատավորն ունեցել է 21 նիստ և 4 քրեական այլ գործ` վարույթ ընդունելու և նիստի օր նշանակելու համար: Սա նշանակում է, որ այսքան կարճ ժամանակահատվածում նա չէր կարող ուսումնասիրել նյութերը,- հայտարարեց Պապիկյանը: 
 
Միջնորդությանը միացավ նաև Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Դատարանը մեկ ժամ ընդմիջումից հետո հայտարարեց  միջնորդությունը մերժելու մասին:
 
Հետաքրքիրն այն է, որ  սույն գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը միայն նիստից մի ժամ անց նկատեց, որ գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը չի ներկայացել դատական նիստին: Պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա երկու շաբաթ հետո՝ հունիսի 27-ին:
 
Հիշեցնենք՝ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով․ ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրել մայրաքաղաքում՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով, ու դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։
 
Բացի այդ, դարձյալ ըստ մեղադրանքի՝ Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն ու ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ: Բայց, ինչպես նշվում է մեղադրականում, չի հասցրել ավարտել այս գործողությունները։
 
Ի դեպ. այս դատավարությանն ուշի ուշով հետևում են սփյուռքի մեր հայրենակիցները: Պատահական չէ, որ օրեր առաջ իշխանության հետ կոալիցիա կազմած ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին ամերիկահայերը հարց տվեցին՝ Սասնա ծռերի  ու Հիմնադիր խորհրդարանի անդամները քաղբանտարկյա՞լ են: Ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը  փորձել էր շրջանցող պատասխան տալ՝ ասելով, որ եթե քաղբանտարկյալներ լինեին, նրանց հարցը քննարկման կդրվեր Եվրոպայի խորհրդում:
 
Պատասխանը զայրացրել էր ներկաներին, ովքեր Ռուստամյանին իր ոճով էին արձագանքել՝ ղալաթ ես արել, այ չաթլախ…