«Հիվանդ հոգիների թագավորության» նախաշեմին

Մարդկությանը հիմա էլ սկսել է ավելորդ քաշի խնդիրը նեղել: Եթե հին ժամանակներում գիրությունը բարեկեցիկ կյանքի և լավ սնվելու նշան էր, ապա այժմ այն հիվանդություն է համարվում: Բնականաբար՝ ավելորդ քաշը ամուր առողջության մասին չէ, որ վկայում է: «Նյու Ինգլանդ ջրնըլ մեդիսին» հանդեսը հրապարակել է ամբողջ աշխարհում ավելորդ քաշին և ճարպակալմանն առնչվող առողջական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը՝ 2,2 մլրդ: Այսինքն՝ մոլորակի համարյա թե ամեն երեք մարդուց մեկը: 
 
Աշխարհի ամենախիտ բնակեցված 20 երկրների թվում ԱՄՆ-ը այս տեսանկյունից առաջատարն է: Այնտեղ երիտասարդների 13 տոկոսը քաշի խնդիրներ ունի, իսկ ընդհանրապես 79,4 մլն ամերիկացի, հայավարի ասած, լայնքին է տվել: ԱՄՆ-ին այս հարցում գերազանցում են միայն Եգիպտոսը (բնակչության 35 տոկոսը), ապա՝ Չինաստանը: Մինչդեռ Վիետնամի և Բանգլադեշի բնակիչների միայն մեկ տոկոսն է գեր: Այս տվյալներն ստացվել են 1980-2015թթ. ժամանակահատվածում 195 երկրի իրավիճակն ուսումնասիրելով:
 
Գիրության առաջին պատճառը միշտ էլ շատակերությունն է լինում, մյուսը՝ աշխարհի բոլոր ցավերին անտարբեր՝ միայն իր համար ապրելը:  Մեր ժամանակներում, սակայն, հիվանդագին գիրությանը շատ ավելի նպաստում  են սննդին խառնվող անհայտ ծագման հավելանյութերը, որոնք երկարաձգում են մթերքի պահպանման ժամկետները՝ վտանգելով սպառողի առողջությունը: Եվ, իհարկե, նստակյացությունը:
 
Եթե «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» խոսքը ճշմարտություն համարենք, իսկ ավելորդ քաշը՝ հիվանդություն, ապա մարդկությունը մեծ արագությամբ ընթանում է դեպի «հիվանդ հոգիների թագավորություն»: Մարդկության 30 տոկոսը արդեն իսկ առողջ չի համարվում, իսկ եթե սրանց ավելացնենք նաև դարի զանազան հիվանդություններով տառապողներին, էլ ի՞նչ կմնա:
 
Իսկ գուցե նմանօրինակ իրավիճակներից է բխում մոլորակի ներկան՝ պատերազմներ, ահաբեկչություններ, հանցագործություններ, ճնշումներ ու հալածանք: Սրանցից յուրաքանչյուրը խոսում է իրականացնողների անհավասարակշիռ վիճակի մասին: Մարդկության ընդհանուր մարմինն առողջությունը կորցրել է, և դրանից խաթարվել է հոգին: