Համայնքների խոշորացումից հետո ավագանիում նվազել է կանանց թիվը

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՇՐՋԱՆՑԵԼ

Համայնքների խոշորացումը, կարելի է ասել` սրերով են ընդունում գյուղերում ու մարզային քաղաքներում:  Դեմ եղողները ոչ միայն   տեղային հայրենասիրական «մեր գյուղը, մեր դաշտը¦  խոսքերով են մերժում, այլև  վստահեցնում են, որ տեղաշարժվելն է դժվար լինելու: Դպրոցը, գյուղապետարանը շատերի համար հեռու կլինեն, ինչի պատճառով, օրինակ, մի տեղեկանք վերցնելը լուրջ գլխացավանք կդառնա: 
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, սա համարում է վտանգավոր մոտեցում: Չէ՞ որ մենք մեկ ազգ ենք ու պետություն, իսկ նման մտքերը պառակտիչ ու վտանգավոր են:
 
Իսկ եթե շատ անկեղծ՝ խնդիրների անլուծելիությունը բնավ համայնքների մեծ կամ փոքր լիենելուց չեն կախված, այլ՝ բյուջեի պակասից և ոչ լիարժեք կառավարումից:
 
Համայնքների խոշորացման բացասական հետևանքներից մեկն էլ ավագանիներում կանանց թվի նվազումն է: Այսօր «Համայնքների խոշորացում. արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ լիազորությունների  ու ֆինանսների կենտրոնացում» թեմայով քննարկման ժամանակ այդ մասին ասաց  ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
 
Բայց դրա  լուծումն էլ  է գտնվել: Ըստ նրա. 
 
- Ընտրական օրենսգրքում նախաձեռնությունների ինստիտուտ է ստեղծվելու, ինչը ենթադրում է, որ համամասնական ընտրություն ու քաղաքացիների կողմից նախաձեռնություն կլինի, ինչը հնարավորություն կստեղծի, որ ավագանիում լինեն նաև կանայք:
 
Աշոտ Գիլոյանի խոսքով` համայնքների խոշորացման ժամանակ հաշվի է առնվել ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների պարագան: Օրինակ՝ Արզնիում կա ասորական համայնք, որը  չի խոշորացվել, որպեսզի ազգային փոքրամասնությունների չափաքանակը չխախտվի։ Արագածոտնի մարզի, նախկին Ծաղկահովիտի շրջանում եզդիական 11 համայնքները խոշորացվել ու դարձել են մեկ  համայնք: 
 
Քննարկմանը մասնակից «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն անդրադարձավ խնայված միջոցներին: Նրա խոսքով` ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, հակառակը՝ տարեցտարի ավելանում են ֆինանսական համահարթեցման ռոտացիաները:
 
Իրատեսական էր նրա այն նկատառումը, որ հայաստանյան գյուղերում կուտակված խնդիրներ կան, որոնք մեկ ամսում կամ մեկ տարում չեն լուծվի:
 
- Վարչատարածքային բարեփոխումները բոլոր հիվանդությունների դեմ դեղ չեն, չի կարելի մտածել, որ համայնքների խոշորացումից հետո միանգամից կյանքը փոխվեց: Բնակչի կյանքը մեծապես կախված է գյուղատնտեսությունից , արդյունաբերությունից, երկրի արտաքին քաղաքականությունից, երկրի համաչափ զարգացումից և այլն: Եթե կա մի գործիք, որ 1 ամսում կկարողանա ՀՀ գյուղերի վիճակը բարելավել, ապա ասեք՝ մենք էլ անենք,- մասնակիցներին դիմեց Վ. Մովսիսյանը:
 
 Բանախոսները չհամաձայնեցին այն տեսակետի հետ, թե համայնքների խոշորացումը կարող է արտագաղթի տեմպերը մեծացնել: Նրանք հռետորական հարցադրումով փորձեցին հիմնավորել իրենց կարծիքը՝ երբ ամեն գյուղ իր համայնքն ուներ՝ արտագաղթ չկա՞ր: Աշոտ Գիլոյանը հորդորեց մինչ խոշորացումը և խոշորացումից հետո հաշվել բնակչության թիվը, քանի որ նա գիտի, որ ամսվա ընթացքում նույնիսկ մեկ բնակիչ չի արտագաղթել: Վերջինս շեշտեց, թե ինքը եղել է խոշորացված համայնքներում և ոչ կենտրոններում ապրող բնակիչների հետ խոսելուց հասկացել է, որ դեռևս դժգոհություններ չկան, ավելին՝ որոշ տեղերում արդեն անանցանելի ճանապարհների վերանորոգում է ընթանում: