Ապագա Հայաստանի տեսլականը

Միանշանակորեն ճիշտ են այն պնդումները, որ միայն տնտեսապես զարգացած Հայաստանը կարող է մեր անկայուն տարածաշրջանում առաջադիմել ու խաղաղ ապրել: Ճիշտ է՝ անցած 25 տարում այս տեսանկյունից ավելի շատ կորուստներ ենք ունեցել, քան ձեռքբերումներ, սակայն արդեն կարծես սկսում է ուրվագծվել ապագա Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը՝ նորարարական տեխնոլոգիաներ, տեքստիլ արդյունաբերություն, բնամաքուր սնունդ…     
 
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) մի ցանկ է հրապարակել, որտեղ ներակայացրել է 127 երկրների ինովացիաների համաշխարհային ինդեքսը: Գաղտնիք չէ, որ երկրների հզորությունն այսօր մեծապես կախված է հենց ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումից: Այս երկրների ցանկում Հայաստանը միջինից էլ բարձր հորիզոնական է զբաղեցնում՝ 59-րդը: Իհարկե, եթե հաշվի առնենք, թե մենք որքան ենք հպարտանում հայի մտավոր բարձր կարողություններով (և դա անհիմն չէ), ապա սա այնքան էլ պատվաբեր հորիզոնական չէ: Սակայն համեմատությունների պատկերը ցույց է տալիս, որ վիճակը բնավ էլ վատ չէ:
 
Ըստ էության՝ մեզ սահմանակից երկրներից միայն Թուրքիան է, որը Հայաստանից ավելի բարվոք վիճակում է՝ 43-րդը: Վրաստանը 68-րդն է, Իրանը՝ 75-րդը, Ադրբեջանը՝ 82-րդը:
 
Կազմակերպությունն առանձնացրել է ցածր և միջին եկամուտ ունեցող այն երկրները, որոնք ինովացիայի բնագավառում արդյունավետ աշխատանք են տանում: Այստեղ Հայաստանն առաջին 20-ի թվում է: Հայաստանը նշվել է նաև գյուղատենտեսական աշխատանքի արդյունավետություն ապահոված երկրների հնգյակում՝ Սլովենիայի, Բահրեյնի, Լյուքսեմբուրգի և Բելգիայի հետ:
 
«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ն, ըստ հերթականության՝ գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Դանիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իռլանդիան: 
 
«Ավանգարդն» անդրադարձել էր այս բնագավառում Իրանի բուռն զարգացման փաստին: Բավական է եղել միայն նրա նկատմամբ միջազգային պատաժամիջոցները մեղմացվեն, և արդյունքն անմիջապես զգացվել է: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ տարեվերջին նա այս ցանկում հաստատ անշեղորեն վերև կբարձրանա: Հուսանք՝ նույնը կկատարվի նաև Հայաստանի հետ: Սա այն բնագավառն է, որտեղ հայի մտավոր ուժը հաստատատ կարող է հրաշքներն գործել, միայն պայմաններ են անհրաժեշտ: Իսկ եթե մեկը փորձի ուսումնասիրել, թե առաջատար դիրք գրավող երկրների նվաճումների մեջ ինչ դեր են ունեցել հայ մասնագետները՝ հաստատ ուշագրավ պատկեր ի հայտ կբերի: