Տիգրան Սարգսյանի ականջը կանչի

5% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՔԻՉ ՉԷ՞

Խորհրդարանում այսօր, Կառավարության ծրագրի ներկայացումից հետո, նախարարները լրագրողների հետ զրույցում  խոսեցին իրենց ոլորտում առաջնահերթությունների մասին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակա ուղղություններից են թե՛ ճանապարհաշինությունը, թե՛ տրանսպորտը: 
 
Ոչ կանոնավոր  ուղևորափոխադրումների խնդիրը չէին կարող շրջանցել, քանի որ օրեր առաջ վթարի էր ենթարկվել Հայաստանից Մոսկվա  մեկնած մեքենան: Նախարարը քաղաքացիներին  հորդորեց չօգտվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից: Գործադիր մարմի անդամը հիշեցրեց, որ ՏԿ նախարարության իրավասության մեջ չէ սամանի վրա ունենալ տրանսպորտային տեսչություն, որը կհսկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:
 
- Եթե 2018-ին լինի վարչապետի փոփոխություն, դա որևէ կերպ կազդի՞  ծրագրերի կատարման վրա:   
 
Վահան Մարտիրոսյանին հարցը փոքր-ինչ շփոթեցրեց: Նա ծիծաղեց, ասաց, որ անձերի փոփոխություն կարող է լինել, բայց ծրագիրը թիմային է: 
 
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից էլ  լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է տնտեսական աճի ցուցանիշն ընդամենը 5 տոկոս. արդյո՞ք դա քիչ չէ: 
 
- Ոչ: Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը՝ դրանք մանրամասն դրված են կառավարության ծրագրում: Պետք է ստարտային իրավիճակը ճիշտ գնահատել, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու: Հինգ տարվա ընթացքում միջինը 5 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, որ մենք ֆիքսելու ենք միայն 5 տոկոս աճ և դրա վրա կանգ առնելու,- ասաց  նախարարը:
 
Դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, մինչդեռ հնարավոր չեղավ անգամ գերազանցել 3 տոկոսը, Արամյանն, իր գործընկերների նման՝ որպես արդարացում, հիշեցրեց միջազգային գործընթացները՝ ՌԴ և ԵՄ բլոկի հետ քաղաքական հիմքի վրա կոնֆլիկտը, որն ազդել է մեր տնտեսության վրա: