Արմատախիլ չարվող չարիքն այդ

ԸՆԴ ԱՎԵՐԱԿԱՑՍ Ո՞ՆՑ ԹԱԳԱՎՈՐԵՄ

Ագահություն՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ: Անունը  կոռուպցիա է: Մարդկության ծագման հետ ի հայտ եկած չարիք, որի դեմ հազարամյակներով պայքարում է դրան ծնունդ տված մարդկությունը: Մինչ այսօր պայքարի դեղատոմսը չի գտնվել, դրա փոխարեն մարդկության զարգացմանը զուգահեռ  կատարելագործվել են  կոռուպցիոն մեխանիզմները: Զավեշտ է, բայց անգամ կոռուպցիայի  ծաղկման դեմ պայքարելու համար հատկացվող գումարներն են գրպանվում:
 
Կոռուպցիայի կանխարգելումն առանցքային նշանակություն ունի երկրում անվտանգության և կայունության ապահովման համար: Կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է իրականացնել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության արմատավորմանն ուղղված հստակ քայլեր և կոշտ հակակոռուպցիոն քաղաքականություն՝ հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման, նոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման ու զարգացման, կոռուպցիայի համընդհանուր կանխարգելման, պատասխանատվության անխուսափելիության մթնոլորտի ձևավորման միջոցով:  Սա կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է: 
 
Հայրենի կառավարությունը ևս որոշել է այս ախտի դեմ պայքարել: Կոշտ միջոցառումներ, թափանցիկություն, վերահսկողություն՝ պայքարի հիմնական բաղադրիչները սրանք են: Արտաքին ուժերն էլ, արի ու տես՝ համաձայնել են  օժանդակել Հայաստանին, երբ իրենց իսկ երկրներում այդ ախտը հաղթահարված չէ: Թեև, հանուն արդարության ասենք, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ դեռ կոռուպցիան բյուրոկրատական քաշքշուկներով, քաղաքացու կյանքը դժոխքի վերածելով է դրսևորում, եվրոպական շատ երկրներում նման բան հազիվ թե տեսնես: Զարգացած երկրներում այն ուրիշ դեմք ու դիմակ ունի: 
 
Իսկ ո՞րն է բանաձևը՝ չարիքի դեմն առնելու: Պետական մտածողություն,  պետության գիտակցում: Իսկ պետությունը ոչ թե տարածք է, որը հայրենիք  ենք կոչում, այլ հանրություն, որի գերակա շահով էլ առաջնորդվում են պետական մտածողությամբ քաղաքացին ու իշխանական լծակներ ունեցող պաշտոնյաները: Ավելի ստույգ՝ պե՛տք է առաջնորդվեն:
 
Անզոր «ներքևները» կարծես թե այդ գիտակցության են փարում, բայց չեն կարող ոչինչ փոխել՝ բացի չարանալուց, ստեպ-ստեպ իրենց բողոքը բարձրաձայնող ակցիաներ անելուց: Իսկ «վերևներում» գտնվող կամ «վերևների» հովանավորությունը վայելող օլիգարխիան, պետական  գանձարանը «քերող» չինովնիկները, արնախում և մղձավանջ հարուցող էակների նման՝ չեն հագենում պետբյուջեից սնվելուց: Անգամ այն դեպքում, երբ իրավապահները կաշառակերների են ձերբակալում (հիմնականում՝ միջին օղակի), շատ լավ գիտեն, որ պետք է «գլխից» բռնել:
 
Արդյունքը լինում է այն, ինչն առկա է մեր իրականության մեջ: Զորօրինակ՝ վերջերս արձանագրված ամենաթարմ դեպքը՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանին առաջադրված մեղադրանքը: 1500 դոլարի դիմաց կեղծ ատեստատ է տվել քաղաքացուն, որն էլ դա ներկայացրել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղ էլ բացահայտվել է կեղծիքը: 
 
Ապրիլյան պատերազմը շատ հարցերի պատասխան տվեց: Որոշ չինովնիկներ առարկայորեն հասկացան, որ թեկուզ թալանածը հանգիստ վայելելու համար ժողովուրդ ու երկիր է պետք: Ավելին, դիրք ու պաշտոն ունենալու համար երկիր ու ժողովուրդ է պետք: Ուրեմն չի կարելի բզկտել երկիրն ու այնքան հիասթափեցնել ժողովրդին, որ նրանք հեռանան հայրենիքից: Ժամանակի  լաբրինթոսներում թրծված Արտավազդ թագավորի խոսքը հիշեցնենք՝ «Ընդ ավերակացս ո՞նց թագավորեմ»: 
 
Կունենա՞ն այս գիտակցությունը  մեր պաշտոնյաները, ուրեմն շեն երկիր կունենանք, չե՞ն ունենա՝ ուրեմն  թունելի վերջում երևալիք լույսին դեռ երկար կսպասենք: