Չե՞ս ուզում «քցվել»՝ վճարի՛ր ավելի թանկ

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Քաղաքացու  կենցաղին  առնչվող կառույցները պետք է առավելագույնս թափանցիկ ու առանց բյուրոկրատական քաշքշուկների աշխատեն, քանզի երկրից ու իշխանություններից դժգոհությունը նաև այս կառույցների չգոհացնող աշխատանքի պատճառով է լինում: Դրանցից մեկն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է: Արդարության դեմ մեղանչած կլինենք, եթե ասենք, որ այդ ոլորտում չմաքրվող ավգյան ախոռներ կան:
 
Բարեփոխումներ, իհարկե, կան ՝ մեկ պատուհանի սկզբունք,  մի կարճ ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերի ստացում, հնարավորինս քիչ բյուրոկրատական քաշքշուկներ: Սակայն ոլորտը դեռ բարեփոխման կարիք ունի, անելիքներ շատ կան: Դրանցից մեկը վերաբերում է չափագրման ծառայություններ մատուցող ընկերություններին:
 
Հայտնի է, որ չափագրման ծառայությունները տարիներ առաջ մատուցում էր Կադաստրի պետական կոմիտեն, որը, ըստ մասնագետների, կոռուպցիոն  ու բյուրոկրատական քաշքշուկներ էր առաջացնում: Այժմ դա անում է մասնավոր սեկտորը: Թվում էր, թե  մասնավորին հանձնելով՝ ոլորտում մրցակցություն կլինի,  դժգոհություններն էլ՝ գրեթե զրոյական:
 
Բայց պատկերը փոքր-ինչ այլ է: 
 
Նախ պարզվում է՝ մատուցվող ծառայությունների գները համարյա  նույնն են. ընդ որում՝ բավական բարձր: Ասել է թե՝ մրցակցության փոխարեն այստեղ գործում է ներքին պայմանավորվածության արատավոր պրակտիկան: 
 
Երկրորդ՝ չափագրող ընկերությունները մեծ մասամբ պայմանագիր չեն կնքում  քաղաքացու հետ, քանի որ   հարկային վճարումներ անելու դեպքում  չափագրման ծառայությունների գինն ավելանում է, որը  հարված է մեր քաղաքացու գրպանին: 
 
Պայմանագիր չկնքելու հետևանքը «քցվածի» կարգավիճակում հայտնվելն է: Բանն այն է, որ եթե Կադաստրի պետական կոմիտեն երեք անգամ մերժում է տվյալ շինության չափագրման հաստատումը, ապա չափագրող ընկերությունը զրկվում է լիցենզիայից: Բարոյականության ու  խղճի տեսանկյունից՝ ընկերությունը պետք է հետ վերադարձնի այն քաղաքացիների գումարները, որոնց դիմաց, թեկուզ առանց փաստաթղթի, պայմանավորվել են ծառայություն մատուցել: Բայց  բարոյականության ու խղճի պատկերացումն այնքան է աղավաղվել, որ հազիվ թե նման քայլի ականատես լինենք: Այս իրավիճակից ելքը դատարան դիմելն է, որտեղ խղճի «բարաթով» հաղթելու շանսերը հավասար են զրոյի: Չկա «բարաթ»՝ չկա պարտավորվածություն:
 
Ի՞նչ կարող է անել քաղաքացին այս դեպքում: Ստիպված է դարձյալ ԽԾԲ-ով որոնել այնպիսի ընկերություն, որը Կադաստրի կոմիտեի աշխատելաոճի բոլոր գաղտնիքներն այնքան լավ  յուրացրած կլինի: Թերևս սա միակ երաշխիքն է՝ համոզված լինելու, որ վճարած փողը «սառույցին» չի գրվի: Իսկ  գաղտնիքներին լավ տիրապետողը կա՛մ համակարգի նախկին աշխատակից կարող է լինել, կա՛մ  այնտեղ հավատարիմ ու ազդեցիկ մտերիմ ունեցող մեկը:
 
Ոլորտի պատասխանատուները դեռ նախորդ տարի խոսում էին  պետական  չափագրման ընկերություն ստեղծելու և հակակշիռ ձևավորելու մասին, բայց այսօր Կադաստրի պետկոմի ղեկավար Մարտին Սարգսյանը թևաթափ արեց՝ նման ընկերության ստեղծման մասին առայժմ խոսք չկա: Որպես «լուծում»՝ առաջարկում է դիմել ՏՄՊՊՀ-ին՝ եթե մրցակցության բացակայություն կա, չնայած կառույցն այդքան էլ չի ընդունում բարձրացված խնդիրը: 
 
Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ կա, որի մասին մասնավոր ու պետական սեկտորները հակասական տեղեկատվություն են տալիս: Եթե տարբեր հատակագծերի սխեմաների շփոթություն է լինում, սխալն ուղղելու համար քաղաքացին հայտնվում է բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Չափագրող ընկերությունները, օգտվելով այս իրավիճակից, անօրինական ճանապարհ են առաջարկում` վճարիր 30.000 դրամ, և Կադաստրում առանց աղմուկ-աղաղակի կլուծեն խնդիրը: 
 
Իսկ եթե անշարժ գույքի սեփականատերը չի վճարում՝ ստիպված է գրավոր դիմել Կադաստրի կոմիտե, որն էլ դիմատուին հանձնարարում է գտնել այն անձին, ում մոտ հայտնվել է դիմում գրողի հատակագծի սխեման, և  նրանն էլ` իր մոտ է: Իրար գտնելուց հետո երկուսն իրար հետ գալիս են պիտի գան Կադաստր, դիմում գրեն և սպասեն պատասխանի: 
 
Գերատեսչության ներկայացուցիչները հակառակն են պնդում: Ըստ նրանց՝ չափագրող ընկերությունը կարող է էժան գներով չափագրման կարիք ունեցող անշարժ գույքի կոորդինատները գնել, որից հետո կատարել չափագրում: Մինչդեռ ընկերությունները փող են խնայում և դա չեն անում:
 
Դե եկ, վարդապետ, ու մի՛ խենթացիր: Այս պարզաբանումներից ո՞րն է ճիշտ, որի՞ն հավատա  քաղաքացին, ում, ենթադրենք, շտապ անհրաժեշտ է իր տան հատակագիծը՝ առքուվաճառք անելու համար: Հուսանք՝ Կառավարության որդեգրած բարեփոխումների շարքում այս հարցերին ևս անդրադարձ կարվի: