Վաճառվում են դիպլոմներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ՝ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

Առանց ուսումնառության քարքարոտ ճանապարհն անցնելու՝ կարելի է մի քանի հարյուր դոլարով դիպլոմ գնել: Արատավոր այս երևույթը ևս մեզ համար սովորական է դարձել՝ վճարիր ու տիրացիր սրտիդ ուզածին: Մանավանդ՝ բուհախեղդ եղած մեր երկրում դիպլոմն էլ հո գիտելիք կամ խիղճ չէ, որ չունենաս: Բայց այս տարեսկզբին ԱԱԾ-ի չարագույժ հայտարարությունը, կարծես, սասանեց դիպլոմավաճառության հանդեպ անտարբերության պատը: Մեղադրանք էր առաջադրվել ոչ պետական բուհերի 3  ռեկտորի: 
 
Նրանցից մեկին՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին վերաբերող քրեական գործը (կեղծ դիպլոմներ տրամադրելու մեղադրանքով)  ընդունվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Արշակ Վարդանյանի վարույթ)։ Իսկ Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է ԿևԳ նախարարությանը՝ նման երևույթներն այսուհետ բացառելու «առաջարկով».
 
- Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից շահադիտական դրդումներով դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելու դեպքերով քրեական գործերով պարզվել են, որ դիպլոմներ են հատկացվել ՀՀ՝ 2, Իրանի՝ 1, ԱՄՆ՝ 8, ՌԴ՝ 2, Ուզբեկստանի՝ 1, Իսրայելի՝ 1, Վրաստանի՝ 5 քաղաքացիների: 
 
Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող երկու բուհերի ռեկտորներ, դատարանի որոշմամբ, մեղավոր են ճանաչվել, երրորդի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
 
Անշուշտ՝ շատերն են հիշում, որ առժամանակ առաջ Իսրայելի ԿԳ նախարարությունը հայտարարել էր, թե չի վստահում Հայաստանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կադրերին, և նրանք պետք է քննություն հանձնեն՝ իրենց  մոտ աշխատելու համար: Թեև այս հայտարարությունը պետական բուհի մասին էր ու ինչ-որ չափով գուցեև սուբյեկտիվ գնահատական է, բայց փաստ է՝ Հայաստանի կրթության որակը կասկածի տակ է դրվում:
 
Կրթության ոլորտի պատասխանատուն ԿԳ նախարար  ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանն է, ում համար ԱԱԾ-ի հասցեական դիմումը կարող է փորձություն լինել: Կկարողանա՞ իշխանության կոալիցիոն գործընկեր դաշնակցական նախարարն արմատախիլ անել դիպլոմ վաճառելու վնասակար ու անպատվաբեր երևույթը: 
 
Համենայնդեպս, ԱԱԾ-ի բացահայտումն ու հետևողականությունը փաստում են, որ խնդիրը շատ ավելի լուրջ է ու անշրջանցելի:
 
Բայց, սրան զուգահեռ, անշրջանցելի է նաև անձրևից հետո սնկերի նման շատացած  մասնավոր բուհերի խնդիրը (հետո՞ ինչ, որ դրանցից բարձրագույն կրթության վկայականներ են ձեռք բերել անգամ  ներկա ու նախկին որոշ պատգամավորներ): Պե՞տք են արդյոք այսքան մասնավոր բուհեր, երբ պետականներն էլ ոչ միայն «քչություն չեն անում», այլև արդեն ուսանողների պակաս են զգում: 
 
Արդյո՞ք ճիշտ է՝ ցանկացած կրթական օջախի «համալսարան» և «ակադեմիա» տիտղոսները շնորհել: 
 
Եվ, ամենակարևորը՝ մեր շուկան այդքան դիպլոմավորների պահանջարկ ունի՞: Այս հարցը ևս Կառավարության ուշադրության կենտրոնում է, բայց դեռ լուծման մեխանիզմները հստակ չեն: