Ինչո՞ւ չեն ստուգում նաև դատախազների ու դատավորների գրպանները

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԽԻՍՏ ԿԼԻՆԻ

Վերջին շրջանում մեկը մյուսի ետևից  ձերբակալվում են դատավորներ՝ կաշառք վերցնելու համար: Դատական համակարգի կոռումպացված լինելու մասին բարձրաձայնում են նաև իրավապաշտպաններն ու անգամ Մարդու իրավունքների երրորդ պաաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նախորդ տարի հրապարակած  իր արտահերթ զեկույցով: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական համակարգում  կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու.
 
- Բնականաբար` բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, տասն օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ՝ դժվար է, բայց մի բան ակնհայտ է՝ եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում՝ վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ: 
 
Դիտարկմանը, թե կա՞ն  համապատասխան ստուգման մեխանիզմներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիները ոչ միշտ են հաղորդում տալիս կոռուպցիայի մասին, Արթուր Դավթյանը փաստեց, թե ստորադաս դատախազների կայացրած համապատասխան ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից: Այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, համապատասխան որոշումների օրինականությունը ստուգելիս ՀՀ դատախազությունը հայտնաբերում է խախտումները:
 
Հարց հնչեց նաև դատախազների հայտարարագրերը ստուգելու մասին: Տեսակետ կա, որ դատախազների հայտարարագրած բոլոր նվիրատվությունները կաշառքներ են: Ի պատասխան Ա. Դավթյանն ասաց, որ դրանց ուշադրություն չի դարձրել, քանի որ այդ փաստի առկայությունը դեռ վարույթ հարուցելու հիմք չէ. 
 
- Վերջերս մենք ընդունեցինք օրենք՝ ապօրինի հարստացման դեմ, որից հետո արդեն հայտարարագիրն ինքնին, որոշակի հակասություններով հանդերձ, կհանդիսանա վարույթ հարուցելու հիմք: 
 
ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր, պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին քվեներ պահանջելու  ձայնագրության հրապարակումից անցել է 2 ամիս, բայց մինչ օրս մեդադրյալ չկա: Ինչո՞վ է սա պայմանավորված: ՀՀ գլխավոր դատախազը  դա բացատրեց այն հանգամանքով, որ որևէ անձի դատի տալն ունի օրենքով սահմանված չափորոշիչներ, պայմաններ. 
 
- Եվ եթե իրականացվում է 2 ամսվա նախաքննություն, ու այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պահանջից բխող համապատասխան հետևանք է։ Քանի որ նախաքննության փուլում է, որևէ բան չի կարող հրապարակվել։ Բայց վերջնական որոշումից հետո շատ մանրամասնությամբ կներկայացվի։
 
Հարցին՝ հնարավո՞ր է, որ կարճվի գործը, Ա.Դավթյանը պատասխանեց. 
 
- Ես կբացառեի, երբ արդեն որոշում լիներ։ Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում:
 
Վերջին շրջանում նկատելի է նաև արդարացման դատավճիռների ավելացում: Իրավապաշտպանները սա համարում են  քննիչների, մեղադրող դատախազի ոչ մասնագիտական աշխատանքի արդյունք: Համամի՞տ է այս տեսակետին  գլխավոր դատախազը: Պարզվում է՝ ոչ: Ըստ պաշտոնյայի՝ արդարացման դատավճիռները չեն վկայում, որ դատախազն ու քննիչն օրենք են խախտել: Յուրաքանչյուր արդարացման դատավճիռ, Արթուր Դավթյանի խոսքով՝ պետք է ծառայողական քննության ենթարկվի.
 
- Եթե կպարզենք, որ արդարացմա դատավճռի պատճառը քննիչի ու դատախազի թերացումն է, դիտավորյալ սխալը, ապա դա կառաջացնի իրավական հետևանք, անգամ՝ աշխատանքից ազատում:
 
- Ինչո՞վ է պայմանավորված «Սասնա ծռեր» խմբի  փաստաբանների պայուսակների ստուգումը, որը փաստաբանները ստորացուցիչ ու անընդունելի են համարում:- Այս հարցին դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այսպես պատասխանեց. 
 
- Զննությունն իրականացվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Մենք ընդամենն առաջարկում ենք իրենց պայուսակներից հանել կամ դատարան չբերել այն բոլոր իրերը, որոնք առիթ են տալիս այդ սարքին ձայնային ազդանշան հանելու: 
Դատական դեպարտամենտի ղեկավարը չբացառեց, որ եղել են դեպքեր, երբ կարգը չի պահպանվել: Իսկ «ինչո՞ւ չեն ստուգում դատավորների և դատախազների գրպանները» հարցին նա պատասխանել չկարողացավ. միայն նշեց, թե պատրաստվում են դատարաններում տեղադրել սարքեր, որոնք կստուգեն բոլորին, այդ թվում և դատավորներին՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ: