Այստեղ կանք առնվազն 8000 տարի
ՍԱԿԱՅՆ 3000 ՏԱՐՎԱ ԵԿՎՈՐ ԵՆՔ…
Հանգստյան օրերին ռուսական և հայկական լրատվամիջոցներում հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ դանիական հեղինակավոր ամսագիրը (Current Biology) հայ կականց գենի եզակիության վերաբերյալ հոդված է հրապարակել: Եզակիությունն այն է, որ առնվազն 8000 տարի Հայաստանի Հանրապետության և Արցախի կին բնակչության գենը ոչ մի չափով չի փոխվել` պահպանելով շարունակականությունը: Եվ դա այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ առանց ներխուժումների ու պատերազմների անգամ մեկ հարյուրամյակ չի անցել: Ռուսական «Լենտան», օրինակ, հատուկ նշում է, որ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև գտնվելով` տարածքը զանգվածային տեղաշարժերի միջանցք է եղել:
Ուսումնասիրությունն իրականացրել են Հայաստանի, Դանիայի և Ռուսաստանի գիտնականները` օգտագործելով ՀՀ և ԱՀ տարածքում եղած հնագիտական նյութը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ հայ լրագրողներին հայտնել է, որ մայրական գծով հետազոտություններից հետո շուտով նույնատիպ հետազոտություններ կարվեն նաև հայրական գծով ժառանգականության վերաբերյալ:
Դեռևս խորհրդային տարիներից հայ գիտնականները պնդում էին, որ հայի գենը հազարամյակներ շարունակ չի փոխվել, սակայն այդ պնդումները գիտական աշխարհում անարձագանք էին մնում: Հիմա արդեն սա ստուգելու այնքան ճշգրիտ միջոցներ կան, որ դրանց դեմ առարկելու բան չի մնում: Ասում են` էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը` երկու: Աշխարհի ու Հայաստանի շատ գիտնականներ վաղուց նստել են մի «էշ», որը նրանց դեպի մեր տարածաշրջանում հայերի եկվորության և մեզնից առաջ այստեղ առեղծվածային ուրարտացիների գոյության հիմնազուրկ տեսությունն է առաջնորդում:
Նույն այդ գիտնականները, ոչ մի կասկած չկա, իրենց էշն են քշելու և փորձելու են հետազոտությունների տվյաներն իրենց տեսություններին հարմարեցնել: Հայկական լեռնաշխարհում մի քանի հարյուրամյակ գոյատևած Ուրարտուից (որն ընդամենը Հայաստան-Արարատի օտարահունչ կամ գուցեև սխալ ընթերցված անունն է) չեն հրաժարվելու:
Միայն թե Հայաստանը հնագիտության տեսանկյունից այնպիսի բացառիկ տարածք է, որ աշխարհի գիտնականները գնալով ավելի մեծ հետաքրքրությամբ են այստեղ գալիս: Բայց եթե մեր գիտնականները ճշմարտությունը բացահայտելու փոխարեն շարունակելու են կառչած մնալ դարն ապրած իրենց դոկտորականների թեզերին, դրսեկ գիտնականներին ի՞նչ հետաքրքիր է լինելու խորանալ մանրամասների մեջ: Օրինակ, արդեն քանի՞ տարի է` Արենիից գտնված աղջկա ուղեղի գենետիկական նյութը տարվել է Մեծ Բրիտանիա` հետազոտության, ու հայտնի չէ` ի՞նչ արդյունքներ են բացահայտվել:
Մեր թշնամիների նպատակը մեկն է` ապացուցել, որ մենք Հայկական լեռնաշխարհում եկվոր ենք, ուստի իրենք իրավունք ունեն մեզ այստեղից հալածել: Հայոց հողը, սակայն, նոր թափով սկսել է այդ հայատյաց գաղափարները մերժել` մեկը մյուսի հետևից ի հայտ բերելով մեր հնության ու բնիկ լինելու անհերքելի ապացույցները: Այսքանից հետո հայերի եկվորության և Ուրարտուի` իբր ոչ հայկական պետություն լինելու վերաբերյալ պնդումները, ապա և մեր բոլոր մշակութային հուշարձանների կողքերին զբոսաշրջիկների համար մի քանի լեզվով թողնված նույնաբովանդակ գրությունները մի՞թե մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնել չեն նշանակում: Այն թշնամիների, որոնք մեր տարածաշրջանում երեկ չէ առաջին օրն են հայտնվել, սակայն արդեն վաղուց իրենց բնիկներ են հայտարարում: Նրանք հայտարարելուց բացի այլ կռվան չունեն, իսկ մենք մի ամբողջ «ատոմային» զինանոց ունենալով` չենք համարձակվում ճշմարտությունը բարձրաձայնել: