Ինքնասիրահարված չէ և ղալաթ էլ չի արել
ԻՆՉՈ՞Ւ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԺ ՉԻ ԳԱԼԻՍ
Հավանաբար իսկապես «տենց ղալաթ» չէր էլ «խոստանա» Կամո Արեյանը: Ո՜նց կարող էր այդքան դաժան վարվել գործընկերոջ հետ: Իրենց նմաններին ի՜նչ վայել է հանրային տրանսպորտը: Ինչպես մեր տատերը կասեին՝ իրենց նմանների պորտը պետական ու սեփական հարմարավետ ավտոմեքենաների մեջ են կտրել:
Արդեն մի քանի տարի է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանմ ԱԺ-ում բյուջեի քննարկմանը չի մասնակցում: Հարցն անգամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր բարձրացրել, բայց հստակ պատասխան չէր ստացել:
Այսօր լրագրողները Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեցին՝ ինչո՞ւ է ամեն անգամ նա գալիս ԱԺ՝ Տարոն Մարգարյանի փոխարեն:
Կամո Արեյանը պատասխանեց, որ ժամանակացանկով հստակ գրված է՝ հրավիրվում է քաղաքապետի առաջին տեղակալը և զեկուցող է նշանակված քաղաքապետի առաջին տեղակալը:
- Տարոն Մարգարյանի բացակայությունները եղել են հարգելի,- ասաց Արեյանը:
Միգուցե Տարոն Մարգարյանը բանավեճի՞ց է խուսափում:
Փոխքաղաքապետը հերքում է այս կարծիքը՝
-Ոչնչից էլ չի խուսափում:
Լրատվամիջոցներին հետաքրքիր էր նաև Կամո Արեյան պաշտոնյայի երկարակեցության գաղտնիքը: Մի՞թե նա անփոխարինելի է, չկա՞ երիտասարդ կադր: Ի պատասխան Կամո Արեյանն ասաց, որ նարցիսիզմ հիվանդությամբ չի տառապում, ինքնասիրահարված չի.
- Անում եմ իմ աշխատանքը, անում եմ պատասխանատվությամբ և երբեք չեմ փակել որևէ երիտասարդ կադրի ճանապարհը, որովհետև միշտ մտածել եմ և մտածում եմ, որ պիտի գա ինձնից ավելի կատարյալը ու պիտի գա նա հաստատ:
Պիտի գա ու չի՞ գալիս, թե՞ պիտի նշանակեն ու չեն նշանակում...
Հարց հնչեց նաև տրանսպորտի վիճակի մասին: Լրատվամիջոցներից մեկը հիշեցրեց, որ Կամո Արեյանն ասել էր՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ծառայողական մեքենան կվերցնի, որ տրանսպորտով մի-երկու օր երթևեկի, խնդիրները հասկանա: Կամո Արեյանը պատասխանեց.
- Ես տենց ղալաթ չեմ խոստացել: Ես իմ խոսքերը լավ հիշում եմ, ես նման բան չեմ խոստացել՝ կնստի, կիջնի, իր՝ չինովնիկի իրավունքն է:
Հավանաբար իսկապես «տենց ղալաթ» չէր էլ «խոստանա». ո՜նց կարող էր այդքան դաժան վարվել գործընկերոջ հետ: Իրենց նմաններին ի՜նչ վայել է հանրային տրանսպորտը: Ինչպես մեր տատերը կասեին՝ իրենց նմանների պորտը պետական ու սեփական հարմարավետ ավտոմեքենաների մեջ են կտրել: