Երրորդ աչք՝ գործատուների համար

ԵԹԵ... ԵԹԵ... ԵԹԵ...

Աշխատանքային իրավունքի ոտնահարման բարձրաձայնված ու չբարձրաձայնված դեպքերի մասին մամուլն այնքան է խոսել, որ Կառավարությունը, հավանաբար, հենց դրա համար է որոշել  վերականգնել աշխատանքի տեսչությունը: 2013 թ. այն միացավ  պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը: Հենց այն ժամանակ կառավարության այդ որոշումը համարեցին մեղմ ասած անհեթեթ ու անհասկանալի:
 
«ՍԱՍ» սուպերմարկետում «ՍԱՍ»-ի սեփականատեր, պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին աշխատակիցներից ստիպողաբար քվեներ կորզելու գաղտնի ձայնագրությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց աշխատանքային օրենսգիրքը վերանայելու մասին:
 
Ու հիմա  գործադիրը որոշել է  աշխատանքի տեսչությունն անջատել պետական հիգիենիկ և հակահամաճարակայինից: Թե ինչ գործառույթներ պիտի ունենա նոր մարմինը՝ դեռ հայտնի չէ: Հայտնի չեն նաև Աշխատանքային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները: 
Բայց  աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող մի շարք հարցեր կան, որոնքպարզապես անկարելի է շրջանցել: 
 
Նախ, ո՞վ պետք է պատասխան տա ու հիմնավորի, թե ինչո՞ւ լուծարվեց, իսկ հիմա նորից պետք է վերակազմակերպվի աշխատանքի տեսչությունը:  
Երկրորդ՝ արդյո՞ք աշխատանքի տեսչությունը կկարողանա գործատուներին տուգանելուց զատ՝ նաև վերականգնել աշխատակցի իրավունքը: Մի գործառույթ, որը նախկինում չէր արվում: Աշխատանքի տեսչությունը  կարող էր սանկցիաներ կիրառել գործատուի հանդեպ, իսկ աշխատողը մնար անպաշտպան: Աշխատանքի իրավունքի վերականգնման հուսո փարոսը մնում էր դատարանը, սակայն ոչ բոլորն են   ահեղ ատյանից օգտվում: 
Իսկ արհմիություննե՞րը: ԽՍՀՄ օրոք չկար աշխատանքի խնդիր, և դրանք ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունեին՝ զեղչված կամ անվճար ուղեգրեր, տոնական միջոցառումներ՝ նվերներով, ֆինանսական օգնություն՝ կարիքավորներին: Անկախությունից ի վեր դրանք միայն ձևական գոյություն են քարշ տալիս՝ զուրկ ֆինանսական միջոցներից: 
 
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դրանք գործուն լինել չեն կարող՝ քանի դեռ աշխատատեղերի այսպիսի սղություն կա (դա փաստել է  ԱՎԾ-ը՝ առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել): Հենց այդ նույն պատճառով էլ աշխատողները ստիպված կշարունակեն աչք փակել իրենց հանդեպ անօրինական շատ երևույթների վրա՝  8 ժամից ավելի, առանց հանգստի աշխատել՝ որևէ հավելավճար չստանալով, վարձատրվել «սև» ու «սպիտակ» ցուցակներով, աշխատել առանց հրանագրվելու՝ հետագայում զրկվելով նաև կենսաթոշակից: Այս իրավիճակից   բարեհաջող  օգտվում է գործատուն՝ ընտրություն է կատարում ոչ թե լավ ու լավագույն մասնագետների, այլ  ծանոթ-բարեկամի ու իրեն ձեռնտու մարդկանց միջև: Ի վերջո, պետք են այնպիսի աշխատակիցներ, ովքեր ոչինչ չեն «լսի» ու ոչինչ  չեն «տեսնի»: Սա է պատճառը, որ այսօր, անգամ պետական ապարատի որոշ օղակներում բարձիթողի վիճակ է: 
 
Կոլեկտիվ միասնականությունն ու կոլեկտիվ շահն էլ  չեն կարող որպես զենք օգտագործվել իրավունքների ոտնահարման  դեմ, քանի որ, ցավոք սրտի, ամեն մարդ դեռ առաջնորդվում է «Պառակտիր, որ տիրես» կամ  «ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իր դարդին»: 
 
Լավ, ի՞նչ անել այս դեպքում: Միակ տարբերակը գործազրկությունը գոնե կրճատելն է: Իսկ տեսչությունը կարդարացնի իր գոյությունը, եթե լայն վերահսկողական գործառույթներով օժտվի, որից կշահի նաև աշխատողը: Երրորդ աչքի դեր ու զգոնություն ունեցող անաչառ կառույցի անհրաժեշտություն կա, եթե...
 
Եթե՛...